Եվրամիության արտաքին քաղաքական հարցերով բարձր ներկայացուցիչն առաջարկել է ևս երկու տարով երկարաձգել Հայաստանում Եվրամիության քաղաքակացիական առաքելության տեղակայումը, «Ազատությանը» հայտնել են բարձր ներկայացուցչի մամուլի գրասենյակից։
Ըստ կայքի տեղեկության՝ անդամ երկրները ողջունել են առաջարկը, և այս պահին Եվրամիության խորհրդի համապատասխան մարմինների հետ քննարկում են անհրաժեշտ օրինական ակտերը։ Խորհրդի որոշումը երկարաձգման շուրջ սպասվում է առաջիկա օրերին։
«Հայաստանում Եվրամիության առաքելության մանդատը շատ հստակ է՝ դիտարկել և զեկուցել տեղում՝ հողի վրա Հայաստանի կողմից հայ-ադրբեջանական սահմանի իրավիճակը և նպաստել հայ-ադրբեջանական կարգավորման հարցում Եվրամիության ջանքերին: Դիտորդական առաքելության տեղակայումից ի վեր զինված միջադեպերի թիվը սահմանամերձ տարածքներում զգալիորեն նվազել է։ ԵՄ-ն Ադրբեջանին պարբերաբար տեղեկացնում է առաքելության գործունեության մասին»,- ասված է կայքի գրավոր հարցմանն ի պատասխան։
2023 թվականի փետրվարի 20-ին Եվրամիությունը Միասնական անվտանգության և պաշտպանության քաղաքականության շրջանակներում մեկնարկել էր քաղաքացիական առաքելությունը Հայաստանում (EUMA) և ունի երկամյա մանդատ։ 2023 թվականի դեկտեմբերին ԵՄ-ն որոշել էր Հայաստանում իր դիտորդների թիվը 138-ից հասցնել 209-ի: ԵՄ առաքելության օպերատիվ շտաբը գտնվում է Եղեգնաձորում։ Առաքելության նպատակն է կայունացնել իրավիճակը Հայաստանի սահմանամերձ շրջաններում, ամրապնդել հակամարտություններից տուժած շրջաններում մարդկանց վստահությունն ու անվտանգությունը և ԵՄ աջակցությամբ ապահովել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը նպաստող պայմաններ։
Նոյեմբերի 23-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Ադրբեջանին առաջարկել է ԵՄ դիտորդներին հանել սահմանազատված հատվածներից։ Սեպտեմբերի 1-ին Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել էր, որ Երևանի և Բաքվի միջև սահմանազատման հանձնաժողովի վերաբերյալ պայմանավորվածությունը «բավարար է» ԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանից դուրս բերելու համար։ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 23-ին հույս էր հայտնել, որ ԵՄ դիտորդները կմնան Հայաստանում այնքան ժամանակ, քանի դեռ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր չի կնքվել։ Հոկտեմբերի 23-ին Միրզոյանը հայտնել էր, որ Բրյուսելը դիտարկում է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ժամկետը երկարաձգելու հարցը։