Հունվարի 10-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյի հետ քննարկել է Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակը, անդրադարձ կատարել ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացած «ԵՄ-ին ՀՀ անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրինածին, հայտնել են ՀՀ ԱԳՆ-ից։
Միրզոյանը նշել է, որ ՀՀ կառավարության՝ ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ նախագծին տրված դրական եզրակացությունը համահունչ է ԵՄ և անդամ պետությունների հետ ՀՀ փոխգործակցության խորացման դինամիկային և ՀՀ քաղաքացիների եվրոպական ձգտումներին:
Զրուցակիցներն անդրադարձել են գործընկերության նոր օրակարգի մշակման ուղղությամբ քննարկումների ընթացքին և առաջիկա ծրագրերին:
«Միրզոյանը և Գրոնոն մտքեր են փոխանակել գործընկերության հետագա ընդլայնման հեռանկարների շուրջ՝ հաշվի առնելով առկա գործիքակազմի միջոցով ընձեռնվող հնարավորությունները: Ի թիվս այլ մեխանիզմների, ընդգծել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության գործունեության կարևորությունը: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակին, առկա մարտահրավերներին և դրանց արդյունավետ հաղթահարման ուղղությամբ անհրաժեշտ քայլերին»,- ասված է հաղորդագրության մեջ։
Միրզոյանն ընդգծել է, որ հարևանների հետ հարաբերությունների կարգավորման և տարածաշրջանում խաղաղության հաստատման տեսլականին համահունչ ՀՀ կառավարությունը ջանքեր է գործադրում փոխադարձ ընդունելի լուծումների հասնելու և երկարատև կայունություն ապահովելու ուղղությամբ:
«Այդ համատեքստում, ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ պայմանագրի վերջնականացման, ինչպես նաև տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման նպատակով ՀՀ կողմից ներկայացված առաջարկությունները: Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար հարցերի»,- եզրափակել են ԱԳՆ-ից։
Հունվարի 9-ին ՀՀ կառավարությունը հավանություն էր տվել ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկի նախագծին։
2024-ի մարտի 13-ին Եվրախորհրդարանը հավանություն էր տվել Հայաստանին ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ տալու հնարավորությունը քննարկելու առաջարկին։ Հայաստանի խորհրդարանը 2024-ի հունիսի 21-ին լսումներ էր անցկացրել ԵՄ-ին անդամակցության հայտ ներկայացնելու հանրաքվեի վերաբերյալ:
Փաշինյանը 2024 թվականի հուլիսի 1-ին «ժողովրդավարության հայկական ֆորումի» ժամանակ նպատակահարմար չէր համարել ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ հանրաքվեի անցկացումը։ Նա հիշեցրել էր Եվրախորհրդարանի ամբիոնից արված հայտարարությունը, ըստ որի՝ «Հայաստանը պատրաստ է մերձենալ Եվրամիությանը այնքանով, որքանով ԵՄ-ն դա հնարավոր կհամարի»:
2024-ի հոկտեմբերի վերջին ԵՄ-ին Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցության հարցով օրենքի ընդունման համար ստորագրահավաքի նախաձեռնողները հայտնել էին 60 000 ստորագրություն հավաքելու մասին, որն ավելին է, քան անհրաժեշտ էր։