Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագաահ Իլհամ Ալիևն ուղիղ կապի մեջ են, գրել է «Փաստ» օրաթերթը՝ հղում անելով Ռուսաստանի հատուկ ծառայություններին մոտ կանգնած աղբյուրներին։
«Օրերս ռուսաստանյան և հայաստանյան սոցցանցերում ու լրատվամիջոցներում տեղեկություններ հրապարակվեցին, որ Փաշինյանն ու Ալիևն ակտիվ «ուղիղ կապի» մեջ են, և դրա մասին կան «երկաթյա ապացույցներ»։ Ռուսաստանի հատուկ ծառայություններին մոտ կանգնած մեր աղբյուրները նշել են, որ իսկապես նման «թեմա կա»»,- ասված է հրապարակման մեջ։
Օրաթերթի աղբյուրները հայտնել են, որ «Ալիևի և Փաշինյանի մի քանի հեռախոսազրույցների ձայնագրություններ կան»։
Հունվարի 7-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Հայաստանը «տարածաշրջանի համար սպառնալիքի աղբյուր» և «ֆաշիստական պետություն» էր անվանել։ Նա հայտարարել էր նաև, որ Հայաստանի սպառազինումը «միայն նոր լարվածության կհանգեցնի»։
Հունվարի 8-ին Փաշինյանը, արձագանքելով Ալիևին, նշել էր, որ Բաքուն փորձում է տարածաշրջանում էսկալացիայի «լեգիտիմություն» ձևավորել։ Հունվարի 9-ին Փաշինյանն Ադրբեջանին ուղղված 12 առաջարկ էր հրապարակել, որոնց թվում էին ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելը, փոխադարձաբար էսկալացնող խոսույթներից և պահանջներից հրաժարվելը։