Երևանը «խորապես գնահատում է ԱՄՆ-ի հաստատուն աջակցությունը» Հայաստանի անկախությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը, երկու երկրների միջև Ռազմավարական գործընկերության հանձնաժողովի կանոնադրության ստորագրման արարողության ժամանակ հայտարարել է արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
Նրա խոսքով՝ Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության կանոնադրությունն ընդգրկում է բազմաթիվ ոլորտներ, այդ թվում՝ տնտեսական և էներգետիկ կապերի ամրապնդում, հաղորդակցություններ, պաշտպանության և անվտանգության համագործակցության խորացում, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդում, արդարադատության և օրենքի գերակայության խթանում, նորարարությունների և բարձր տեխնոլոգիաների զարգացում, ինչպես նաև մարդկանց միջև շփումների ընդլայնում։
Միրզոյանը շեշտել է, որ Հայաստանը խորապես գնահատում է ԱՄՆ-ի ներգրավվածությունը Հարավային Կովկասում կայուն և տևական խաղաղության խթանման գործում։
«Հայաստանը հանձնառու է խաղաղության օրակարգին և դրա իրագործմանը, ինչպես նաև շարունակելու սերտ համագործակցությունն ԱՄՆ-ի հետ՝ այս ընդհանուր նպատակին հասնելու համար»,- ասել է նա։
ՀՀ արտաքին գերատեսչության ղեկավարը նաև հայտնել է, որ բանակցություններ են սկսում ԱՄՆ-ի հետ միջուկային համագործակցության համաձայնագրի շուրջ, որը հայտնի է որպես «123-րդ համաձայնագիր»։ «Այն կընձեռի խաղաղ նպատակներով միջուկային էներգիայի օգտագործման հարցում համագործակցության շրջանակ և կնշանավորի մեր հանձնառությունը միջուկային էներգիայի խաղաղ զարգացմանը՝ ապահովության, անվտանգության և չտարածման ամենաբարձր չափանիշներով»,- շեշտել է նախարարը։
Հայաստանը ռազմավարական երկխոսություն էր սկսել ԱՄՆ-ի հետ 2022 թվականի մայիսին՝ Միրզոյանի և Բլինքենի միջև Վաշինգտոնում կայացած հանդիպումից հետո։ Հունիսի 11-ին Միրզոյանը հայտարարել էր ԱՄՆ-ի հետ երկխոսությունը ռազմավարական գործընկերության ընդլայնման ծրագրերի մասին։