ՌԴ-ում ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանը ՌԴ Պետդումայի պատգամավոր Վիտալի Միլոնովին է հանձնել ՀՀ ԱԺ նախագահի հուշամեդալը, հաղորդում է ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը:
Ըստ աղբյուրի, մեդալն ու շնորհակալական նամակը հանձնվել են 2021 թվականի դեկտեմբերին «Ժառանգություն և առաջադիմություն» ռուս-հայկական նախաձեռնությունների զարգացման և աջակցության հիմնադրամի կողմից կազմակերպված սոցիալ-մարդասիրական ակցիայի անցկացման համար, որը կազմակերպվել էր պատերազմի դժվարությունները հաղթահարած արցախցի երեխաներին օգնելու նպատակով։
Նշվում է, որ Հայաստանի դեսպանի և Պետական դումայի պատգամավորի միջև կայացած զրույցի ընթացքում քննարկվել են հայ-ռուսական երկկողմ օրակարգի հարցերը, որոնք վերաբերում էին միջխորհրդարանական համագործակցության ամրապնդմանն ու հետագա զարգացմանը: