ԳԴՀ նորանշանակ փոխդեսպան, ներկայում գործերի ժամանակավոր հավատարմատար Էրիկ Թինտրուպը ցնցված է ավերածությունների այն պատկերներից, որ այսօր հետկեսօրին պետք է տեսներ Ջերմուկում։ Նա մեկն էր այն մոտ 50 դիվանագետներից, որոնք հրավիրված էին այդ քաղաքում ՀՀ պաշտպանության և արտաքին գործերի նախարարությունների կազմակերպած բրիֆինգին, հայնում են Հայաստանում Գերմանիայի դեսպանությունից։
«Ջերմուկը գեղեցիկ բնության մեջ տեղակայված գեղատեսիլ, խաղաղ հանգստավայր է։ Երեքշաբթի այստեղ գերմանացի զբոսաշրջիկներ էլ կային։ Այն, որ բնակիչներից ոչ ոք չի զոհվել, գրեթե հրաշքի է նման, քանի որ հրետանային կրակոցները խփել են այս՝ սահմանից կիլոմետրեր հեռու գտնվող ռեստորանների և ճոպանուղու ուղղությամբ, ընդամենը մի քանի հարյուր մետր բնակելի շենքերից ու զբոսաշրջիկներով լի հյուրանոցներից հեռու»,-այցի ընթացքից իր տպավորություններն է հայտնում դիվանագետը։
Գերմանուհի զբոսաշրջիկն իր հյուրանոցի սենյակից կարողացել է լուսանկարել պայթյունները, այնքան մոտիկ են նրանք եղել դրանց։ «Ես չափազանց մտահոգ եմ։ Մենք ապրումակցում ենք հայ ժողովրդին»,-ամփոփում է Թինտրուպը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ սեպտեմբերի 13-ի կեսգիշերից ադրբեջանական զինուժը հրետանու և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ գնդակոծում է Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերը: Կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ՀՀ կողմից զոհերի թիվը 135 է, սակայն սա վերջնական թիվ չէ։ ՀՀ զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը հայտնել է, որ հակառակորդը մխրճվել է Հայաստանի ինքնիշխան տարածք 8,5 կիլոմետր լայնությամբ ճակատով մինչև 7,5 կիլոմետր խորությամբ։ Ըստ նրա՝ ադրբեջանցիները Ջերմուկի մատույցներից 4,5 կմ տարածության վրա են՝ հավելելով, որ Ներքին Հանդի և Շորժայի ուղղությամբ ադրբեջանցիները մխրճվել են 1,5, Իշխանասարի ուղղությամբ՝ 0,5 կմ:
Հիշեցնենք նաև, որ ՀՀ կառավարությունը ՀՀ տարածքի նկատմամբ ագրեսիայի առնչությամբ Կառավարությունն արդեն դիմել է ՌԴ-ին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին և ՀԱՊԿ-ին:
Սեպտեմբերի 15-ին «Հանրային» հ/ը-ի հետ զրույցում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտնել է, որ միջազգային հանրության ճնշման արդյունքում ադրբեջանական հնարավոր է եղել հասնել հրադադարի ռեժիմի։
Հայաստանը ճանաչում է Կոսովոյի անձնագրերը՝ առանց անկախությունը ճանաչելու. Բադալյան
Հայաստանը ճանաչում է Կոսովոյի անձնագրերը և համագործակցում՝ առանց անկախությունը ճանաչելու, «Լուրերին» հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։ Նրա խոսքով՝...