Պրահայում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը: Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմից։
Հայաստան-Թուրքիա կարգավորման համատեքստում երկուստեք կարևորվել են ուղիղ շփումներն ու բարձր մակարդակի հանդիպումները:
Նիկոլ Փաշինյանը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացն ու այդ ուղղությամբ հետագա հնարավոր քայլերը:
Շեշտվել է երկու երկրների հատուկ ներկայացուցիչների քննարկումների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների շուտափույթ իրականացման անհրաժեշտությունը: Մասնավորապես, խոսքը վերաբերում է երրորդ երկրների քաղաքացիների համար ցամաքային սահմանի բացմանը, Հայաստան-Թուրքիա ուղիղ օդային բեռնափոխադրումների իրականացմանը:
Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային գործընթացների շուրջ:
Նշենք, որ այսօր ավելի վաղ տեղի էր ունեցել վարչապետի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, ԵԽ նախագահ Շառլ Միշելի հանդիպումը։ Սա Փաշինյանի և Ալիևի առաջին հանդիպումն է շաբաթներ առաջ Հայաստանի վրա իրականացված ադրբեջանական ագրեսիայից հետո, որի հետևանքով Ադրբեջանը օկուպացրել է Հայաստանի որոշ տարածքներ։