Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵՄ խորհրդում ֆրանսիական նախագահության ներկայացուցիչ, Ֆրանսիայի նախագահի գրասենյակի խորհրդական Իզաբել Դյումոնին և ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահ Բրիս Ռոքֆոյին: Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմից։
Վարչապետը կարևորել է Ֆրանսիայի դերը որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետություն և ողջունել տիկին Դյումոնի ու պարոն Ռոքֆոյի այցը:
Զրուցակիցները քննարկել են վարչապետ Փաշինյանի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ սեպտեմբերի 26-ին Փարիզում կայացած հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը վերաբերող հարցեր: Մտքեր են փոխանակվել Պրահայում կայացած ՀՀ վարչապետի, Ֆրանսիայի նախագահի, Եվրոպական խորհրդի նախագահի և Ադրբեջանի նախագահի միջև կայացած քառակողմ հանդիպման արդյունքների շուրջ:
Կարևորվել է ՄԱԿ-ի կանոնադրության և 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի մշակման, ինչպես նաև սահմանազատման աշխատանքների իրականացման ու հայ-ադրբեջանական սահմանին ԵՄ քաղաքացիական առաքելության գործունեության ապահովումը:
Անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգության և իրավունքների պաշտպանությանը, Ստեփանակերտի և Բաքվի միջև քննարկումների համար միջազգային մեխանիզմի ստեղծմանը, Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերադարձի ապահովմանը վերաբերող հարցերի:
Հայաստանն ու Ադրբեջանը համատեղ հայտարարություն են ընդունել հոկտեմբերի 6-ին Պրահայում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, ինչպես նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելի հանդիպման արդյունքների վերաբերյալ:
Հայտարարության համաձայն, Հայաստանը իր համաձայնությունն է հայտնել Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով եմ քաղաքացիական առաքելության խրախուսման վերաբերյալ: Առաքելությունն իր աշխատանքները կսկսի հոկտեմբերին՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով։ Առաքելության նպատակն է լինելու ամրապնդել վստահությունը և աջակցել սահմանային հանձնաժողովներին իրենց զեկույցների միջոցով։