Կոնգրեսական Փրայսի դիտարկմամբ՝ Ռուսաստանն ահռելի ռեսուրսներ է ներդնում ուկրաինական պատերազմում և ՌԴ-ի ռեսուրսները բավարար չեն Հայաստանում և ԼՂ-ում գործընթացների վրա ազդեցության պահպանման առումով։ Այս մասին «Հանրային» հ/ը-ի եթերում հայտարարել է ԱԺ արտաքին հարցերի մշտական հանձնաժողովի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը։
«Այստեղ պետք է խոսենք Հայաստանի և ՌԴ-ի, Հայաստանի և ՀԱՊԿ-ի հարաբերություններում առկա խնդիրների մասին, հատկապես վերջին ագրեսիայի ժամանակ ՀԱՊԿ-ի «դանդաղկոտության» ընթացքում։ Սրանք են ընկել կոնգրեսական Փրայսի կարծիքի հիմքում»,-նշեց Աղաջանյանը։
Անդրադառնալով Թուրքիայի վերջին հայտարարություններին՝ Աղաջանյանը նշեց, որ Թուրքիան իր նպատակներում չի փորձում մոլորեցնել հայկական կողմին։ «Այստեղ խնդիրն այն է, որ Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունները փորձում է կապել Ադրբեջանի հետ։ Այստեղ մենք պետք է առավելագույն ջանք գործադրենք միջազգային հանրության ներգրավման համար, քանի որ փորձը ցույց է տալիս, որ մենք որոշակի շոշափելի արդյունք ստանում ենք որևէ միջնորդի ներգրավման շնորհիվ»,-նշեց նա։
Նշենք, որ ՀՀ Ազգային ժողովում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի (ԺԳՀ) նախագահ Դեյվիդ Փրայսը հայտարարել է, որ տարածաշրջանում ուժերի բալանսը փոխվում է՝ կապված Ռուսաստանի շուրջ իրադարձությունների հետ:
«Միգուցե որոշ ուժեր այլևս այդքան արմատական չեն, ինչպես եղել են: Վստահաբար կլինեն փոփոխություններ: Այս պահին քննարկումներ են տեղի ունենում մեր գործընկերների հետ մասնավորապես այն հարցում, թե ինչ հարաբերություններ կզարգանան, այդ թվում՝ նաև անվտանգային տիրույթում»,-ասել է Փրայսը: