Ադրբեջանը ձգտում է բարձրացնել Լաչինի միջանցքի վերահսկողության հարցը, ասել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը՝ Հանրային հեռուստաընկերության եթերում։
Մեկնաբանելով Բաքվի հայտարարությունները Լաչինի միջանցքով ռազմական ուժեր տեղափոխելու, ինչպես նաև միջանցքի հարակից տարածքներում 2021 թվականին Հայաստանում արտադրված ականների հայտնաբերման մասին՝ դեսպանն ընդգծել է, որ այդ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։
Մարուքյանը հայտարարել է, որ հայկական կողմի տեղեկություններով՝ Ադրբեջանի զինված ուժերը Հայաստանի օկուպացված տարածքներից ականներ են տեղափոխում նշված տարածքներ։ Այնուհետև ադրբեջանական կողմն այդ ականները ներկայացնում է օտարերկրյա կցորդներին։
«Այդ քարոզչությունն իրականացվում է Լաչինի միջանցքի վերահսկողության հարցը բարձրացնելու նպատակով»,- ասել է նա՝ նշելով, որ Բաքուն նպատակ ունի միջանցքում անցակետ տեղադրել։
Մարուքյանը նաև մեկնաբանել է նոյեմբերի 23-ին Երևանում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովը և դրա շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջև տեղի ունեցած բանակցությունները։
Դեսպանի խոսքով՝ Պուտինի և Փաշինյանի երկկողմ հանդիպումն անցել է դրական մթնոլորտում, հանդիպման ընթացքում քննարկվել են բոլոր պայմանավորվածությունները։ Մարուքյանը հայտնել է նաև, որ ՀՀ վարչապետը ՌԴ նախագահին է փոխանցել հայ ռազմագերիների բարեկամների նամակը։
Պատասխանելով ՀԱՊԿ գագաթնաժողովի 2 եզրափակիչ փաստաթղթերը ստորագրելուց ՀՀ վարչապետի հրաժարվելու մասին հարցին՝ Մարուքյանը հիշել է, որ Երևանը նախկինում հայտարարել էր, որ ՀԱՊԿ-ը պետք է հստակ քաղաքական գնահատական տա Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիային։ Մարուքյանի խոսքով՝ այս ուղղությամբ ՀԱՊԿ գործընկերների հետ երկարաժամկետ աշխատանք է տարվել, սակայն արդյունքում չի հաջողվել ձեռք բերել այնպիսի ձևակերպում, որում կպահպանվի Հայաստանի սահմանած նշաձողը։