Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի մասին մեր ահազանգն ամենևին էլ չափազանցված չէ։ Այս մասին Թվիթերի իր էջում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին ուղղված գրառում է արել ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը՝ գործողության կոչ անելով։
«Ճգնաժամը խորանում է, Ադրբեջանը շարունակում է անջատել գազը և փակ պահել միակ մճանապարհը՝ վտանգելով 120 հազար մարդու, այդ թվում՝ 30 000 երեխաների կյանքը։ Գործողություն է անհրաժեշտ»,- գրել է Մարուքյանը։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ` «բնապահպանական» պատճառաբանություններով ժամը 10:30-ից փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Այսօրվա դրությամբ ճանապարհը շարունակում է փակ մնալ: Արցախի ԱԽ նիստում որոշում է կայացվել դիմել ՌԴ Արցախի Հանրապետությունում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը՝ անընդունելի համարելով միջանցքի փակումը, որը բերելու է Արցախում հումանիտար աղետի:
Հայաստանը հայտարարել է ԼՂ հայերի իրավունքների ապահովման միջազգային մեխանիզմների գործարկման անհրաժեշտությունը։ Ռուբեն Վարդանյանն աշխատանքային խորհրդակցության ժամանակ տեղեկացրել էր, որ կառավարությունում իր ղեկավարությամբ կստեղծվի օպերատիվ շտաբ, որը գործելու է 24-ժամյա ռեժիմով։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ադրբեջանը դադարեցրել էր Արցախի Հանրապետության գազամատակարարումը: