Դեկտեմբերի 14-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարարի պարտականությունները կատարող Մնացական Սաֆարյանի և ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանի հանդիպումը Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների և միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից։
Հանդիպման ընթացքում օտարերկրյա դիվանագետներին է ներկայացվել դեկտեմբերի 12-ից Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միակ ճանապարհի` Լաչինի միջանցքի, փակման հետևանքով ստեղծված հումանիտար իրավիճակը:
Իր խոսքում ՀՀ ԱԳ նախարարի պարտականությունները կատարող Մնացական Սաֆարյանը նշել է, որ վերջին օրերին Ադրբեջանի գործողությունները, այդ թվում` մի շարք նմանօրինակ միջադեպերը Լաչինի միջանցքում, հրադադարի ռեժիմի մշտական խախտումները, Լեռնային Ղարաբաղի գազամատակարարման խափանումը ակնհայտորեն ի ցույց են դնում, որ Լաչինի միջանցքի փակումը նախապես ծրագրված էր Ադրբեջանի իշխանությունների կողմից և միտված է Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի ստեղծմանը։
Ընդգծվել է, որ ադրբեջանական կողմի գործողությունները հանդիսանում են 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության, մասնավորապես՝ դրա 6-րդ կետի կոպտագույն խախտում: Այս համատեքստում կարևորվել է միջազգային հանրության կողմից ադրբեջանական գործողություններին թիրախային արձագանքի անհրաժեշտությունը՝ որպես Լեռնային Ղարաբաղում հումանիտար աղետի և արցախահայությանը էթնիկ զտումների կանխման միջոց:
Մնացական Սաֆարյանն ընդգծել է նաև Ադրբեջանի զինված ուժերի՝ Հայաստանի ինքնիշխան տարածքից դուրսբերման, ինչպես նաև 44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած հումանիտար խնդիրների հասցեագրման հրամայականը, այդ թվում` Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց հայրենադարձման անհրաժեշտությունը:
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը նշել է, որ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամ առաջացնելուն ուղղված նմանօրինակ գործողություններով կոպտորեն խախտում է միջազգային մարդու և հումանիտար իրավունքները և ի ցույց է դնում, որ Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգության և իրավունքների խնդիրը չի կարող լինել Ադրբեջանի ներքին գործը և առանց միջազգային մեխանիզմի Ստեփանակերտի և Բաքվի միջև իրական երխոսություն հնարավոր չէ։ Նա ընդգծել է, որ Ադրբեջանի նման գործողությունները խաթարում են հայկական կողմի ջանքերը` ուղղված տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատմանը:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30–ից ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ, կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին:
Արցախի ԱԽ նիստում որոշում է կայացվել նամակով դիմել ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը: Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի հարցով կայացել է նաև ՀՀ ԱԽ նիստ։
Հայաստանը հայտարարել է ԼՂ հայերի իրավունքների ապահովման միջազգային մեխանիզմների գործարկման անհրաժեշտությունը։
Ռուբեն Վարդանյանն գլխավորությամբ ստեղծվել է օպերատիվ շտաբ, որը գործելու է 24-ժամյա ռեժիմով՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ կապող ճանապարհի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակում աշխատանքների համակարգման նպատակով:
Ադրբեջանական կողմը դեկտեմբերի 13-ին փակել է Արցախի գազամատակարարումը։