Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Թուրքիայի Ադըյաման քաղաք, որտեղ որոնողափրկարարական աշխատանքներ են իրականացնում հայ փրկարարները:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, օդանավակայանում ՀՀ ԱԳ նախարարին դիմավորել է Ադըյամանում միջազգային որոնղափրկարարական խմբերի աշխատանքները համակարգող, դիվանագետ Ջերեն Յազգանը:
Ջերեն Յազգանի հետ առանձնազրույց ունենալուց հետո Արարատ Միրզոյանը կհանդիպի Ադըյամանում որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնող հայ փրկարարների հետ:
Աղետի գոտում ՀՀ ԱԳ նախարարին կուղեկցի Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման բանակցություններում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը:
Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ պաշտոնական այցով Թուրքիայի հանրապետությունում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել թուրք պաշտոնակցի հետ։