Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Մյունխենի անվտանգության համաժողովի բացման արարողությանը: Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմից։
Մյունխենի անվտանգության համաժողովին մասնակցում են մի քանի տասնյակ երկրների նախագահներ, կառավարությունների ղեկավարներ ու արտաքին գործերի նախարարներ: Մասնավորապես, մասնակիցների թվում են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռուտեն, ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յանս Ստոլտենբերգը, ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդտը և այլք:
Համաժողովի շրջանակում վարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել Իրաքի վարչապետ Մոհամմեդ Շիա Սուդանի հետ։
Զրուցակիցները կարևորել են հայ-իրաքյան հարաբերությունների զարգացումը տարբեր ուղղություններով, այդ թվում` քաղաքական և տնտեսական: Այդ առումով, կողմերն ընդգծել են երկու երկրների միջև առևտրատնտեսական կապերի խորացման անհրաժեշտությունը, գործարարների շրջանում փոխգործակցության ընդլայնումն ու ամրապնդումը:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում կազմակերպել Հայ-իրաքյան միջկառավարական հանձնաժողովի նիստ, որի ընթացքում կնախանշվեն հետագա քայլերն ու համատեղ ծրագրերը:
Կարևորվել է նաև միջազգային հարթակներում փոխշահավետ համագործակցությունը: