Փետրվարի 18-ին Մյունխենում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ/USAID) կառավարչի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալ Էրին Էլիզաբեթ ՄըկՔիին: Այս մասին հայտնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից։
Հանդիպման ընթացքում քննարկվել են ԱՄՆ ՄԶԳ կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերին առնչվող հարցերը և հետագա փոխգործակցության հեռանկարները:
ՀՀ ԱԳ նախարարը կարևորել է ԱՄՆ և մասնավորապես, ԱՄՆ ՄԶԳ դերը Հայաստանում ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման և ՀՀ կառավարության ժողովրդավարական բարեփոխումներին աջակցություն ցուցաբերելու գործում:
Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային անվտագությանը և կայունությանն առնչվող հարցերի:
Արարատ Միրզոյանը զրուցացկին է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղի 120 հազար հայ բնակչության առջև ծառացած հումանիտար մարտահրավերները: Այս համատեքստում ընդգծվել է Լեռնային Ղարաբաղ միջազգային համապատասխան մարմինների անարգել հումանիտար հասանելիության հրամայականը:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30–ից ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ, կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին:
Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանն գլխավորությամբ ստեղծվել է օպերատիվ շտաբ, որը գործում է 24-ժամյա ռեժիմով՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ կապող ճանապարհի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակում աշխատանքների համակարգման նպատակով:
Դեկտեմբերի 14-ից սկսած բողոքի ակցիաներ են սկսվել ՀՀ-ում տարբեր կառույցների ներկայացուցչությունների և դեսպանությունների մոտ։