Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է ուկրաինական հակամարտության պայմաններում Հարավային Կովկասի տարածաշրջանի համար նոր ռիսկերի մասին: Այս մասին նա ասել է Մյունխենի խորհրդաժողովում կայացած պանելային քննարկման ժամանակ, որին մասնակցել է նաև Ադրբեջանի նախագահը։
Փաշինյանի խոսքով՝ երկար ժամանակ ամբողջ միջազգային ուշադրությունը կենտրոնացած է Ուկրաինայի վրա, և դա նոր ռիսկեր է ստեղծում մեր տարածաշրջանի համար։ «Շատ կարևոր է միջազգային ուշադրություն հրավիրել մեր տարածաշրջանի վրա, քանի որ կան բազմաթիվ ռիսկեր, որոնք պետք է կառավարել», – ասել է վարչապետը:
Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստանը հավատարիմ է մնում ժողովրդավարական բարեփոխումների իր օրակարգին: Նրա խոսքով, հայկական կողմը գտնում է, որ ժողովրդավարական բարեփոխումները, ժողովրդավարական ինստիտուտների զարգացումը, օրենքի գերակայությունը, մարդու իրավունքները կբարելավեն ընդհանուր իրավիճակը տարածաշրջանում
Կառավարության ղեկավարը նաև մեկնաբանել է Հայաստանի կողմից երկրաշարժից տուժած Թուրքիա օգնություն ուղարկելը։ Նա ընդգծել է, որ Հայաստանը միայն մարդասիրական դրդապատճառներ է ունեցել օգնություն և փրկարարներ Թուրքիա ուղարկելիս։ «Գործընթացում մենք տեսնում ենք բավականին դրական արձագանք թուրքական կառավարության կողմից, և եթե այդ քայլը ունենա նաև քաղաքական արդյունքներ, ապա ավելի լավ է, բայց մեր նախնական մոտիվացիան զուտ մարդասիրական էր», – ասաց Փաշինյանը:
Նա հիշեցրել է, որ մինչ երկրաշարժը Երևանն ու Անկարան քաղաքական երկխոսություն էին վարում հատուկ ներկայացուցիչների միջոցով և կարծիք հայտնել, որ այդ երկխոսությունը շատ կարևոր էր մթնոլորտ ստեղծելու համար, որտեղ որոշում կայացվեց օգնություն ուղարկել Թուրքիա:
«Մենք պատրաստ ենք առաջ գնալ, որովհետև կարծում ենք, որ իսկապես Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը և մեր սահմանի բացումը շատ դրական կլիներ ոչ միայն մեր տարածաշրջանային իրավիճակի, այլև միջազգային իրավիճակի տեսանկյունից», – հայտարարել է Փաշինյանը:
Թուրքիայի հարավ-արևելքում տեղի ունեցած երկրաշարժից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժի կապակցությամբ և հայտնել, որ Հայաստանը պատրաստ է օգնություն ցուցաբերել: Հայաստանի ներքին գործերի նախարարությունը փետրվարի 7-ին հաղորդել է երկրաշարժից տուժած շրջաններում որոնողափրկարարական աշխատանքներին աջակցելու նպատակով Սիրիա և Թուրքիա փրկարարական ջոկատներ ուղարկելու մասին: