Հայաստանը վերապահումով է միացել «Հանուն ժողովրդավարության երկրորդ գագաթնաժողովի» արդյունքներով ընդունված հռչակագրին, հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը:
Ըստ հաղորդագրության՝ Հայաստանը ձեռնպահ է մնացել հռչակագրի 3-րդ պարբերությունից, «քանի որ այդ պարբերությունը չի արտացոլում բոլոր հակամարտություններն ու ճգնաժամերը, համակողմանի և համապարփակ չի անդրադառնում Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայի և Հայաստանի ինքնիշխան տարածքի առանձին հատվածների օկուպացիայի փաստին»:
Հռչակագրի տեքստը հրապարակվել է ԱՄՆ Պետդեպարտամենտի կայքում։ Փաստաթղթի համաձայն՝ Հայաստանը, Հնդկաստանը և Մեքսիկան հավանություն են տվել հռչակագրի նախաբանի 3-րդ կետին՝ «վերապահումներով»:
Նշված պարբերությունում խոսվում է ուկրաինական հակամարտության մասին։ Մասնավորապես, գագաթնաժողովի մասնակիցներն ընդգծել են «ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքներին համապատասխան Ուկրաինայում համապարփակ, արդար և տևական խաղաղության շուտափույթ հասնելու անհրաժեշտությունը», ինչպես նաև «դատապարտել են Ուկրաինայի դեմ ՌԴ ագրեսիայի սարսափելի հետևանքները մարդու իրավունքների տեսանկյունից, ինչպես նաև հումանիտար հետևանքները»:
Գագաթնաժողովի մասնակիցները «խորը մտահոգություն են հայտնել քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի մեծ թվի, այդ թվում՝ կանանց և երեխաների, ներքին տեղահանված անձանց և փախստականների թվի, որոնք հումանիտար օգնության կարիք ունեն, ինչպես նաև երեխաների նկատմամբ կատարված խախտումների և չարաշահումների կապակցությամբ»: Հռչակագրում պահանջ կար, որ «Ռուսաստանն անհապաղ, ամբողջությամբ և անվերապահորեն դուրս բերի իր բոլոր զինված ուժերը Ուկրաինայի տարածքից՝ նրա միջազգայնորեն ճանաչված սահմաններում», ինչպես նաև կոչ էր արվում դադարեցնել ռազմական գործողությունները:
Ավելի վաղ «Հանուն ժողովրդավարության գագաթնաժողովին» ելույթ էր ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա, մասնավորապես, հայտարարել է, որ Հայաստանը չի կարող աչք փակել Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցողի վրա։ Նա ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղում հայերի հետ տեղի ունեցողը, Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը և դրա հետևանքով առաջացած հումանիտար ճգնաժամը միանշանակ Լեռնային Ղարաբաղում հայերի էթնիկ զտումների փորձ է:
Երկրորդ «Հանուն ժողովրդավարության գագաթնաժողովին», որն անցկացվում է մարտի 28-30-ը, մասնակցում են ավելի քան 100 երկրների առաջնորդներ, ինչպես նաև քաղաքացիական հասարակության և միջազգային ժողովրդավարական ինստիտուտների ներկայացուցիչներ: Միջոցառման համակազմակերպիչ երկրներն են ԱՄՆ-ը, Կոստա Ռիկան, Նիդեռլանդները, Կորեայի Հանրապետությունը և Զամբիան: