Հայաստանի ԱԳՆ-ն Տեղ գյուղի շրջանում ադրբեջանական զինվորականների գործողությունները Ադրբեջանի հերթական ոտնձգությունն է որակել Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ:
Գերատեսչությունը հայտնել է, որ Ապրիլի 11-ին, ժամը 16.00-ի սահմաններում Հայաստանի Հանրապետության տարածքում՝ Սյունիքի մարզի Տեղ գյուղի հատվածում, ադրբեջանական զինված ուժերի մի խումբ զինծառայողներ սահմանի տեղակայման կետերի ճշգրտման պատրվակով մոտեցել են ՀՀ զինված ուժերի զինծառայողներին, սադրել և հրազենային զենքերից, այնուհետև տարբեր տրամաչափի այլ զինատեսակներից կրակ վարել հայկական ԶՈւ զինծառայողների և դիրքերի ուղղությամբ: ՀՀ ԶՈւ զինծառայողները պատասխան գործողություններ են ձեռնարկել և պաշտպանել ՀՀ ինքնիշխան տարածքը: Կան զոհեր և վիրավորներ:
Նշվում է, որ ադրբեջանական կողմի նշված ագրեսիվ գործողություններն իրականացվել են ի հեճուկս տեղում ծագած խնդիրները կառուցողական բանակցությունների միջոցով լուծելու հայկական կողմի նախկինում արտահայտված պատրաստակամության:
«Տեղի ունեցած սադրանքն Ադրբեջանի հերթական ոտնձգությունն է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության նկատմամբ: Ադրբեջանի այս քաղաքականությունը նոր չէ, այն շարունակությունն է 2021թ. մայիսին և նոյեմբերին, ինչպես նաև 2022թ. սեպտեմբերին ՀՀ նկատմամբ իրականացրած հարձակումների, որոնց հետևանքով Ադրբեջանն օկուպացրել էր ՀՀ ինքնիշխան տարածքներ»- ասվում է հայտարարության մեջ։
Գերատեսչությունն արձանագրել է, որ ուժի կիրառումը և ուժի կիրառման սպառնալիքը հանդիսանում են Ադրբեջանի քաղաքականության անբաժանելի մասը և ուղղված են տարածաշրջանում իրավիճակի էական ապակայունացմանը և խաղաղ բանակցությունների շարունակմանն ուղղված միջնորդների ջանքերի խափանմանը:
ՀՀ ԱԳՆ-ն կոչ էր անում «միջազգային հանրությանը և տարածաշրջանում խաղաղությամբ ու կայունությամբ հետաքրքրված բոլոր գործընկերներին հասցեական հայտարարությունների և հստակ քայլերի միջոցով դատապարտել Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները և կանխել վերջինիս կողմից իրավիճակի հետագա էսկալացիան»։
Հիշեցնենք, որ այսօր՝ ժամը 16:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել Տեղ համայնքի հատվածում ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈւ զինծառայողների ուղղությամբ: Հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների: Նախնական տվյալներով հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ:
Այսօր ավելի վաղ Armenia Today-ի հետ զրույցում Տեղի բնակիչները հայտնել էին, որ կրակոցների ձայներ են լսել։
Մարտի 30-ի երեկոյան ՀՀ ԱԱԾ-ն հաղորդել էր, որ ադրբեջանական կողմը Սյունիքի սահմանային հինգ հատվածներում 100-300 մետր ավելի առաջ է տեղակայվել։ Նշվում էր, որ տեղակայման ընթացքում ի հայտ են եկել քարտեզների տարընթերցումներ: Որոշ տեղերում ադրբեջանական կողմը, չսպասելով նախապես պայմանավորված ճշգրտումներին, սկսել է դիրքավորվել և իրականացնել ինժեներական աշխատանքներ: