Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում ոչ ֆորմալ հադիպում է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ: Այս մասին հայտնում են կառավարությունից։
Փաշինյանն անդրադարձել է վերջին օրերի ընթացքում Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի սադրիչ և ագրեսիվ գործողությունների հետևանքով ստեղծված իրավիճակին, որոնք միտված են խաթարել խաղաղ բանակցությունները շարունակելուն ուղղված ջանքերը:
Քննարկվել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով ԼՂ-ում ստեղծված հումանիտար ճգնաժամին, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցեր:
Անդրադարձ է կատարվել մայիսի 14-ին նախատեսված ՀՀ վարչապետի, Եվրոպական խորհրդի նախագահի և Ադրբեջանի նախագահի եռակողմ հանդիպմանը և ընդգծվել հունիսի 1-ին Քիշնևում՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի մասնակցությամբ հնգակողմ հանդիպում անցկացնելու կարևորությունը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Բրյուսելում մեկնարկել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հանդիպումը։
Հիշեցնենք, որ Մայիսի 14-ին՝ Երևանի ժամանակով 11:00-ին, նշանակված է Միշելի հանդիպումը Ալիևի հետ, իսկ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ Շառլ Միշելի եռակողմ հանդիպումը կլինի Երևանի ժամանակով 15:00-ին։