ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն Առաջին ալիքի եթերում հայտարարել է, որ հնարավոր է խաղաղության պայմանագիրը կնքվի տարեվերջին։
«Բանակցություններն ինտենսիվ են ընթանում։ Եթե կարողանանք այս ինտենսիվությունը պահպանել, նաև միջազգային հանրության կողմից առաջընթաց ապահովելու ուժեղ աջակցություն լինի, ապա տարեվերջին խաղաղության պայմանագիր ունենալու հնարավորություն կա»,- հայտարարել է Գրիգորյանը։
Նրա խոսքով՝ հայկական կողմը տրամադրված է պայմանագիրը հնարավորինս շուտ կնքել։
«Այդ «հնարավորինս շուտը» կարող է լինել, օրինակ, տարվա ընթացքում, բայց կարող է ձգվել մինչև տարեվերջ։ Մենք տրամադրված ենք գտնել լուծումներ և այդ լուծումների շրջանակում առաջ տանել խաղաղության օրակարգն ու խաղաղության համաձայնագիր ունենալ»,- ասել է նա։
Հունիսի 1-ին Քիշնևում տեղի ունեցած հանդիպման արդյունքներին անդրադառնալով՝ Գրիգորյանը հայտարարել է, որ առնվազն սահմանազատման հարցում և 1975 թվականի քարտեզի մասով որոշակի առաջընթաց ունենք․ «Մենք չենք կարող ասել, որ վերջնական առաջընթաց ունենք, բայց առաջընթաց ունենք»։
Գրիգորյանի խոսքով՝ 1975 թվականի քարտեզը հիմք ընդունելու մասով դեռ հստակ համաձայնություն չկա․ «Դեռևս այդ մակարդակին չենք հասել, բայց դրան հասնելու բանակցությունները շարունակելու ենք»։
Հունիսի 1-ին Քիշնևում տեղի էին ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները։ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում Փաշինյանը կարճատև զրույցներ էր ունեցել մի շարք երկրների ղեկավարների՝ Ֆրանսիայի նախագահի, Եվրոպական խորհրդի ղեկավարի, Վրաստանի նախարարների կաբինետի ղեկավար Իրակլի Ղարիբաշվիլիի և Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակի հետ։
Միջոցառման բացմանը Եվրոպական խորհրդի ղեկավարը հույս է հայտնել, որ Երևանն ու Բաքուն Քիշնևի հանդիպումից հետո կկարողանան առաջընթաց գրանցել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործում։ «Հուսով եմ, որ այսօր մենք կվերահաստատենք քաղաքական կամքը՝ ավելի մեծ առաջընթաց գրանցելու Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ», – ասել է Միշելը։
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների մասնակցությամբ վերջին հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ կայացել էր Մոսկվայում՝ մայիսի 25-ին: Դրանից առաջ՝ մայիսի 14-ին Բրյուսելում տեղի էր ունեցել եռակողմ հանդիպում՝ ԵԽ նախագահ Շառլ Միշելի մասնակցությամբ: Մայիսի 1-4-ն ԱՄՆ պետքարտուղարի առաջարկությամբ և միջնորդությամբ ԱՄՆ-ում կայացել էր նաև Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։ Բանակցություններից հետո ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը նշել էր, որ Երևանն ու Բաքուն «շոշափելի առաջընթաց» են գրանցել, և վերջնական համաձայնությունը «հասանելի է»: