Կան պետություններ, որոնց հետ զենք գնելու ինտենսիվ քննարկումներ են տեղի ունենում, մի մասի հետ բանակցություններից արդեն արդյունքներ կան, մյուս մասի հետ բանակցությունները դեռ շարունակվում են, Առաջին ալիքի հետ զրույցում հայտարարել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Խոսելով ՌԴ-ից զենք ձեռք բերելու խնդիրների վերաբերյալ իր նախկին այն հայտարությունների մասին, թե ՌԴ-ին գումար է փոխանցվել, բայց զենք այդպես էլ չի մատակարարվել՝ նա նշել է․ «Հաշվի առնելով Ռուսաստան-Ուկրաինա պատերազմը, այդ պատերազմը սպասարկելու ՌԴ-ի կարողությունները, նաև այն, որ այդ կարողությունն այնքան մեծ չէ, որ արտահանում տեղի ունենա, մենք գնացել ենք նաև այլ ռեսուրսներ որոնելու ճանապարհով»,- ասել է նա։
Գրիգորյանի խոսքով՝ ՀՀ-ն խնդիրների դեպքում այլընտրանքային լուծումներ է գտնում, մինչև Հայաստանի և Ռուսաստանի միջև լուծվի զենքի մատակարարման մասով գոյացած խնդիրը։
Անդրադառնալով ՀԱՊԿ-ին՝ նա նշել է, որ ՀԱՊԿ-ն անվտանգության ոլորտում այլ գործընկերների հետ համագործակցության առումով նախկինում որոշակի սահմանափակումներ է ստեղծել։
«Այս պահին ՀԱՊԿ-ում մեր գտնվելը, իհարկե, որոշակի խնդիրներ է ստեղծում, բայց չի սահմանափակում մեր համագործակցությունը տարբեր երկրների հետ։ Անվտանգության ոլորտում մեր համագործակցությունն ամրապնդելու համար մենք ինտենսիվ աշխատում ենք նաև մեր արևմտյան գործընկերների հետ»,- ընդգծել է ԱԽ քարտուղարը։
Գրիգորյանի դիտարկմամբ՝ հաշվի առնելով ԼՂ-ում առկա ճգնաժամը, Լաչինի միջանցքի ամբողջական փակ լինելը և այն, որ նոյեմբերի 9-ի հայտարարությունը որևէ ձևով չի պահպանվում, միջազգային ներկայության հարց են բարձրացրել։
«2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարությունը որևէ ձևով չի պահպանվում, ԼՂ-ում էթնիկ զտման վտանգ կա, որը կարող է չեզոքացնել միջազգային ներկայությունը»,- ընդգծել է Գրիգորյանը։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ` «բնապահպանական» պատճառաբանություններով ժամը 10:30-ից փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Այսօրվա դրությամբ ճանապարհը շարունակում է փակ մնալ: Արցախի ԱԽ նիստում որոշում է կայացվել դիմել ՌԴ Արցախի Հանրապետությունում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը՝ անընդունելի համարելով միջանցքի փակումը: