Լիահույս եմ, որ վերջերս ազդարարված՝ Հայաստան-Մեծ Բրիտանիա ռազմավարական երկխոսությունը կարևոր և գործնական հարթակ կդառնա երկկողմ փոխգործակցությունը հեռանկարային ուղղություններով համալրելու համար, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետ Ռիշի Սունակին՝ ազգային տոնի՝ թագավոր Չարլզ Երրորդի ծննդյան օրվա առթիվ ուղղված շնորհավորական ուղերձում, փոխանցում է ՀՀ կառավարությունը։
Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է Միացյալ Թագավորության հետ բազմաշերտ համագործակցության հետագա զարգացումն ու խորացումը՝ խարսխված ժողովրդավարական արժեքների, գործնական շահերի և փոխադարձ հարգանքի վրա:
«Ուրախ եմ արձանագրելու, որ հայ-բրիտանական հարաբերություններում վերջին շրջանում նկատվում է դրական դինամիկա, և այս համատեքստում վերահաստատում եմ հայկական կողմի հանձնառությունը նպաստելու երկկողմ օրակարգի ընդլայնմանը»,- նշել է ՀՀ վարչապետը։
Նրա խոսքով՝ ՀՀ կառավարության որդեգրած բարեփոխումների օրակարգի իրականացման համատեքստում բարձր են գնահատում Միացյալ Թագավորության շարունակական աջակցությունը և լիահույս են, որ այն կկրի տևական բնույթ։