Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև բանակցությունները Վաշինգտոնում կշարունակվեն, հունիսի 28-ին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած միջադեպը չի հանգեցրել բանակցությունների ժամանակացույցի փոփոխության, ասել է Պետդեպարտամենտի փոխներկայացուցիչ Վեդանտ Պատելը։
«Երեկ ԱԳ նախարարների հետ հանդիպումները կառուցողական էին, և մենք շարունակում ենք այդ քննարկումները զարգացնել այսօր և վաղը, քանի որ խաղաղ բանակցությունները շարունակվում են։ Ժամանակացույցում փոփոխություններ չկան»,- ճեպազրույցի ժամանակ ասել է նա։
«Մենք խորապես մտահոգված ենք Լեռնային Ղարաբաղում մարդկային կորուստներով և մեր ցավակցությունն ենք հայտնում բոլոր զոհերի ընտանիքներին։ Այս վերջին միջադեպերը ընդգծում են ռազմական գործողություններից զերծ մնալու և տեւական ու արժանապատիվ խաղաղության ձգտելու անհրաժեշտությունը», – ասել է Պատելը:
Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգները հավատարիմ է կողմերին օգնելու այդ նպատակին հասնելու հարցում։
«Քարտուղար Բլինկենն անմիջականորեն ներգրավված է խաղաղ գործընթացում: Ուղղակի երկխոսությունը խնդիրների լուծման և տևական ու արժանապատիվ խաղաղության հասնելու բանալին է»,- ասել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը։
Հունիսի 28-ին՝ ժամը 01:30-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրետանային միջոցներից կրակ են բացել Մարտունու և Մարտակերտի հայկական դիրքերի ուղղությամբ` կիրառելով նաև ԱԹՍ-ներ, hայկական կողմն ունի 4 զոհ: Ավելի ուշ Արցախի ԱԺ-ն հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ Վաշինգտոնյան բանակցություններում ՀՀ պատվիրակությանը կոչ է արել անհապաղ դադարեցնել մեկնարկած բանակցությունները՝ մինչև Արցախի հետ շփման գծում և ՀՀ սահմաններում լիակատար հրադադարի հաստատումը և այն պահպանելու փաստաթղթային երաշխիքների տրամադրումը: Ավելի ուշ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է Լեռնային Ղարաբաղում հրադադարի խախտման 5 դեպքի մասին։
Հունիսի 27-ին Վաշինգտոնում կայացել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի, Ջեյհուն Բայրամովի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հանդիպումը։ Ավելի վաղ Միրզոյանը բանակցություններ է վարել Բլինքենի հետ։ Հունիսի 28-ին Վաշինգտոնում տեղի ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների և ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի եռակողմ հանդիպումը։ ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը հայտնել է, որ Միրզոյան-Բայրամով բանակցությունները Վաշինգտոնում կտևեն մինչև հունիսի 29-ը։