Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Դուբրովնիկի համաժողովի շրջանակներում հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ։
«Դուբրովնիկի համաժողովի շրջանակներում Ժոզեպ Բորելի հետ մտքեր փոխանակեցինք Հայաստան-ԵՄ գործընկերության թեմայով»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Միրզոյանը՝ հրապարակելով լուսանկարներ հանդիպումից։
Միրզոյան-Բորել վերջին հանդիպում տեղի է ունեցել մարտի 3-ին Նյու-Դելիում։ Կողմերը քննարկել են Հայաստան-Ադրբեջան հակամարտության կարգավորման գործընթացը, տարածաշրջանային ու միջազգային անվտանգության հարցեր, ինչպես նաև անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգի հարցերին։