Վաշինգտոնն ակնկալում է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների շարունակություն առաջիկա ամիսներին, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը։
«Մենք շարունակում ենք հավատալ, որ համաձայնությունը հնարավոր է և անհամբերությամբ սպասում ենք հետագա բանակցություններին առաջիկա ամիսներին»,- ասել է Պետդեպարտամենտի խոսնակը՝ նշելով, որ Վաշինգտոնը շարունակում է աջակցել Երևանի և Բաքվի միջև բանակցություններին։
ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով գտնվում էր Վաշինգտոնում, որտեղ հունիսի 27-ին մեկնարկել էր Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցությունների հերթական փուլը։ Հունիսի 27-ին Վաշինգտոնում տեղի էր ունեցել ՀՀ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների և ԱՄՆ պետքարտուղարի հանդիպումը։ Ավելի վաղ Միրզոյանը բանակցություններ էր վարել ԱՄՆ պետքարտուղարի հետ։
Հունիսի 28-ին Վաշինգտոնում տեղի էր ունեցավ ՀՀ-ի և Ադրբեջանի արտգործնախարարների և ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի եռակողմ հանդիպումը։ ԱՄՆ-ում Միրզոյանի և Բայրամովի միջև բանակցությունների երկրորդ փուլի արդյունքներով Հայաստանի արտգործնախարարությունը հայտարարել էր առաջընթացի մասին՝ միևնույն ժամանակ ամրագրելով, որ որոշ առանցքային հարցերի շուրջ դիրքորոշումները պահանջում են հետագա աշխատանք։ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարության մեջ ևս նշել էր առաջընթացի մասին՝ նշելով, որ կողմերը համաձայնության են եկել հաշտության պայմանագրի նախագծի մի շարք լրացուցիչ հոդվածների շուրջ։
ՀՀ ԱԳՆ-ից Armenia Today-ին հայտնել են, որ Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը Վաշինգտոնում կայացած բանակցությունների շրջանակում առաջընթաց են գրանցել, սակայն երեք առանցքային հարցի շուրջ համաձայնության չեն եկել։ «Այդ առանքային հարցերն են՝ սահմանազատման գործընթաց, որը ենթադրում է 1975 թվականի քարտեզները, զորքերի հետքաշում Հայաստան-Ադրբեջան սահմանից և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների մասին միջազգային գործընթաց»,- մանրամասնել են գերատեսչությունից։