ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ԵԱՀԿ Գլխավոր քարտուղար Հելգա Շմիդին է ներկայացրել Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակի մանրամասները, հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։
«Հուլիսի 18-ին Վիեննայում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Գլխավոր քարտուղար Հելգա Շմիդի հետ, որի ընթացքում քննարկվել են տարածաշրջանային օրակարգի հարցեր, մտքեր են փոխանակվել ներկայիս մարտահրավերների պայմաններում ԵԱՀԿ գործունեության և դերակատարման շուրջ, Արարատ Միրզոյանը ԵԱՀԿ Գլխավոր քարտուղարին է ներկայացրել Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակի մանրամասները, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ ներկայացնելով տարածաշրջանում համապարփակ կայունության հաստատման՝ Հայաստանի տեսլականը՝ նախարարն ընդգծել է, որ Ադրբեջանը չպետք է գործի ինքնիրավչության պայմաններում: Շեշտվել է միջազգային մեխանիզմի ներքո ԼՂ ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցերի հասցեագրման հրամայականը։
«Արարատ Միրզոյանը նշել է, որ Ադրբեջանը, անտեսելով նաև Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի իրավաբանական պարտադիր ուժ ունեցող որոշումները, շարունակում է փակ պահել Լաչինի միջանցքը: Նախարարը շեշտել է 21-րդ դարում Եվրոպայի հարևանությամբ հերթական հումանիտար աղետը և ԼՂ բնակչության էթնիկ զտումները կանխելու հարցում միջազգային դերակատարների գործուն քայլերի հրատապությունը՝ կարևորելով նաև ԵԱՀԿ մեխանիզմների և առկա գործիքակազմի արդյունավետ կիրառման անհրաժեշտությունը»,- ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ:
Երկուստեք ընդգծվել է, որ կայուն խաղաղության համար անհրաժեշտ է բոլոր առկա խնդիրների պատշաճ հասցեագրում, ինչպես նաև անդրադարձ է կատարվել տարածաշրջանային ծրագրերի ներառականության ապահովման և հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:
Ավելի վաղ հայտնել էինք, որ հուլիսի 18-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Վիեննայում, որտեղ հանդիպումներ կունենա միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։