Հայ հասարակությունը շատ հիասթափված է Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների գործողություններից և ՀՀ ինքնիշխան տարածք ադրբեջանական զինված ուժերի ներխուժմանը Ռուսաստանի արձագանքից, ավստրիական «Der Standard»-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
«Մենք դիմել ենք ՀԱՊԿ-ին, ի պատասխան նրանք ուղարկել են դիտորդական առաքելություն՝ գլխավոր քարտուղարի գլխավորությամբ։ Բայց գաղտնիք չէ, որ մենք ավելին էինք սպասում»,- Միրզոյանը։
Նա ընդգծել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են կարգավորել հարաբերությունները միայն հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության անվտանգությունն ու իրավունքները։ «Ադրբեջանը միշտ խոսել է Հայաստանի տարածքային պահանջների մասին, բայց մեզ համար խնդիրը ժողովրդի անվտանգությունն ու տարրական իրավունքները են»,- ասել է նախարարը։
Միրզոյանը հիշեցրել է, որ Լաչինի միջանցքը՝ Լեռնային Ղարաբաղը ՀՀ-ին և արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը, 7 ամիս ապօրինի արգելափակված է Ադրբեջանի կողմից՝ խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները։
«Սկզբում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին և ռուս խաղաղապահներին հաջողվեց որոշակի քանակությամբ սննդամթերք և դեղորայք հասցնել Լեռնային Ղարաբաղ։ Սակայն արդեն մեկ ամիս է, ինչ միջանցքն ամբողջությամբ արգելափակված է, իսկ Լեռնային Ղարաբաղը փաստացի շրջափակման մեջ է»,- նշել է ՀՀ արտգործնախարարը։ «Ղարաբաղը գտնվում է հումանիտար աղետի եզրին, և անհրաժեշտ է միջազգային հանրության արդյունավետ միջամտությունը»,- հավելել է նա։
Միրզոյանն ընդգծել է, որ տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումը առանցքային դեր կխաղա Հարավային Կովկասում իրավիճակի կայունացման գործում։ Շատ կարևոր է նաև մարզային ենթակառուցվածքների ապաշրջափակումը։ «Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգությանն ու իրավունքներին, ապա մենք կարծում ենք, որ լավագույն մեխանիզմը երկխոսությունն է միջազգային մասնակցությամբ»,- նշել է ՀՀ արտգործնախարարը։
Հունիսի 15-ին Ադրբեջանը արգելել է մարդասիրական, ուղևորափոխադրումներ և բեռնափոխադրումներ Լաչինի միջանցքով։ Հունիսի 22-ին ադրբեջանցիները բետոնե պատնեշներ են տեղադրել նաև Լաչինի միջանցքի մուտքի մոտ։ Հունիսի 25-ին Արցախի առողջապահության նախարարությունը հայտարարել է ԿԽՄԿ-ի միջնորդությամբ Արցախից Հայաստան հիվանդների տեղափոխումը վերսկսելու մասին։ Սակայն հուլիսի 11-ին Ադրբեջանն արգելել է ԿԽՄԿ մեքենաների անցումը Լաչինի միջանցքով՝ պատճառաբանելով «մաքսանենգության դեպք»: