Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր պատերազմ հնարավոր է երկու երկրների միջև խաղաղ պայմանագրի բացակայության դեպքում, «France-Presse»-ին տված հարցազրույցում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մինչև երկու երկրների խորհրդարանների կողմից խաղաղության պայմանագիր չստորագրվի և վավերացվի, պատերազմը, իհարկե, շատ հավանական է»,- ասաց Փաշինյանը։ Նոր պատերազմին նպաստող գործոններից նա նշել է Բաքվի ագրեսիվ հռետորաբանությունը, ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակը, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական հավասարակշռության խախտումը։
Վարչապետը թվարկել է նաև Հայաստանի «կարմիր գծերը» Բաքվի հետ բանակցությունների շրջանակում։ «Հայաստանի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը և Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքներն ու անվտանգությունը»,- ասել է նա։
Փաշինյանն ընդգծել է, որ, ըստ Երևանի դիրքորոշման, Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության հարցը պետք է լուծվի Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների մասնակցությամբ բանակցությունների արդյունքում։ «Մենք սա անվանում ենք Բաքու-Ստեփանակերտ երկխոսություն, բայց հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև ուժերի անհամաչափությունը, կարծում ենք, որ եթե Ստեփանակերտն ու Բաքուն մնան միմյանց դեմ, Բաքուն հնարավորություն կունենա կամ մոռացության մատնել այս օրակարգը, կամ լինել մենախոսության, այլ ոչ թե երկխոսության դիրքում։ Այդ իսկ պատճառով, կարծում ենք, որ այդ խոսակցությունը պետք է տեղի ունենա միջազգային մեխանիզմների շրջանակներում՝ միջազգային հանրության ներկայությամբ»,- ասել է վարչապետը։
Նրա կարծիքով, բանակցություններում առաջընթացին խոչընդոտում են Ադրբեջանի ագրեսիվ հռետորաբանությունը, հայերի նկատմամբ ատելության արտահայտություններն ու գործողությունները, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ հաշվեհարդարի և էթնիկ զտումների քաղաքականությունը։
Փաշինյանը խոսել է նաև Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի մասին՝ մասնավորապես նշելով, որ տարածաշրջանում այս պահին հումանիտար աղետ է տեղի ունենում, առաջին անհրաժեշտության բազմաթիվ ապրանքներ բացակայում են, վառելիքի պակաս կա։ Փաշինյանի խոսքով, այս պայմաններում Հայաստանում և ԼՂ-ում ամեն օր աճում է հոռետեսությունը։
«Սա ոչ մի կերպ չի փոխում մեր քաղաքականությունը, քանի որ մենք համոզված ենք, որ միակ ճանապարհը բանակցությունների միջոցով հարցեր լուծելն է։ Բայց մյուս կողմից, եթե հարցերը չեն լուծվում բանակցությունների միջոցով, ապա հասարակության մեջ այդ բանակցությունները կարող են ընկալվել որպես ժամանակի վատնում»,- ասաց նա՝ նշելով, որ այս բոլոր ռիսկերն ազդում են բանակցային գործընթացի վրա։