Հայաստանն իրականում Ռուսաստանի և Արևմուտքի արանքում չէ, մենք իրականում Վրաստանի, Թուրքիայի, Իրանի և Ադրբեջանի արանքում ենք: Եվ իրականում տարածաշրջանի երկրները մեկը մյուսի արանքում են, «Ֆրանս պրես»-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մենք այստեղ ենք ապրում, մենք Ռուսաստանի և Ամերիկայի արանքում չենք ապրում: Ռուսաստանի և Ամերիկայի արանքում ապրում է Եվրոպան: Մենք ապրում ենք Վրաստանի, Իրանի, Ադրբեջանի, Թուրքիայի միջավայրում: Եվ հարցը հետևյալն է՝ մենք մեր հարաբերությունները մեր հարևանների հետ պետք է կառավարենք, կներեք, Մոսկվայի, Վաշինգտոնի և Բրյուսելի միջոցո՞վ: Պարադիգմի առումով՝ ոչ, բայց գործնական առումով մենք այդ քաղաքական ավանդույթը չունենք»,- ասել է նա:
Փաշինյանը նշել է, որ ՀՀ պարադիգմը (նշանակում է հասկացությունների հատուկ շարք կամ մտածողության ձևեր՝ ներառյալ տեսությունները, հետազոտության մեթոդները, կանխադրույթները և ստանդարտները, որոնց համաձայն իրականացվում են հետագա կառուցումները, ընհանրացումներն ու փորձերը) Մոսկվայի ու Վաշինգտոնի արանքում չէ։
«21-րդ դարում և նույնիսկ 19-րդ դարում էլ հնարավոր չէր աշխարհաքաղաքական կենտրոնների շրջանցումով քաղաքականություն վարել, և խելամիտ էլ չէ ու պետք էլ չէ: Այստեղ խնդիրն այն է, որ հիմա մենք այդ անունը փորձում ենք փոխել, դեռևս անունը, որ մենք ասում ենք բալանսավորված և բալանսավորման քաղաքականություն պետք է վարենք: Եվ նաև մենք չենք ուզում, որ մեր այս նոր պարադիգմը, որը դեռևս տեսություն է, ուղիղ ասում եմ, որ գիտակցելով դեռևս չենք կարողանում իրագործել: Մեր պատճառով, որովհետև ուրիշ բան է՝ դու գիտես ի՞նչ է պետք անել, ուրիշ բան է, որ ավանդույթն այդպիսին չէ»,- ասել է ՀՀ վարչապետը:
Փաշինյանի համոզմամբ այս քաղաքականությունը չպիտի ընկալվի որպես աշխարհաքաղաքական կենտրոնների արհամարհման կամ շրջանցման քաղաքականություն:
«Բայց և մյուս կողմից այս քաղաքականությունը չպիտի ընկալվի որպես աշխարհաքաղաքական կենտրոնների արհամարհման կամ շրջանցման քաղաքականություն: Բայց մենք նաև փորձում ենք քայլեր անել: Այն, որ ես մասնակցեցի Թուրքիայի նախագահի երդմնակալության արարողությանը` Հայաստանում և՛ դրական, և՛ բացասական արձագանքներ ունեցավ: Այդ դրական և բացասական արձագանքներն այս ողջ թնջուկի արտահայտումն են: Եվ խնդիրը հետևյալն է, թե ինչքանո՞վ այդ պարադիգմի մասին խոսելիս կրկին կլինենք ոչ թե մենախոսության, այլ համագործակցության ժանրում, որովհետև սա ոչ մեկի համար հեշտ չէ: Ընկալել և արձանագրել, որ այս տարածաշրջանում, օրինակ, այս քաղաքական քարտեզը պետք է հարյուրամյակներով շարունակի գոյություն ունենալ, ոմանք այս նախադասությունը ձևակերպում են հարցականով, ոմանք անկեղծ ուզում են գտնել հիմնավորումներ, որ այս քաղաքական քարտեզի գոյությունը կարող է բխել տարածաշրջանի բոլոր երկրների շահերից և չհակասել աշխարհաքաղաքական կենտրոնների շահերից: Ես, օրինակ, այս երկրորդ համոզմունքի կրողն եմ, բայց դա քիչ է»,- պարզաբանել է նա:
Պատասխանելով ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին հարցին ՀՀ վարչապետը նշել է, որ աշխարհում ոչ մի կազմակերպություն հավերժ չէ, և յուրաքանչյուր երկիր որոշում կայացնում է՝ ելնելով իր շահերից:
«Իրականում հարցն այն չէ՝ Հայաստանը դո՞ւրս է գալիս կամ դուրս կգա՞ ՀԱՊԿ-ից, թե՝ չէ, իրականում հարցն այն է՝ ՀԱՊԿ-ը Հայաստանից դո՞ւրս է գալիս, թե՞ ոչ, որովհետև չթաքցնեմ, ուղիղ ասեմ՝ շատ փորձագետներ կան Հայաստանի Հանրապետությունում, անկախ փորձագետներ, որ ինձ պարբերաբար զեկույցներ են ուղարկում այն մասին, որ այս գործընթացներն ի ցույց են դնում, որ ՀԱՊԿ-ը դուրս է գալիս Հայաստանից»,- հավելել է Փաշինյանը: