ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը մեկնաբանել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հետ Մոսկվայում կայացած բանակցությունների արդյունքները։ Նա, մասնավորապես, հայտարարել է, որ Երևանն ու Բաքուն պատրաստակամություն են հայտնել երաշխիքներ տրամադրել Հայաստանում և Ադրբեջանում ազգային փոքրամասնությունների իրավունքների ապահովման համար։ Լավրովը հայտարարել է նաև այս տարի Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների գագաթնաժողով անցկացնելու մտադրության մասին։
Լավրովը եռակողմ բանակցություններն անվանել է «օգտակար»։ Նա ասել է, որ բանակցությունների ընթացքում ռուսական կողմը ներկայացրել է իր գնահատականները՝ հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների կողմից արված հաղորդումները, այն քայլերի մասին, որոնք շատ ցանկալի է արագ, առանց հապաղելու, ձեռնարկել՝ ի շահ Ղարաբաղի բնակչությանը սննդով, դեղորայքով, առաջին անհրաժեշտության ապրանքներով ապահովելու, էլեկտրաէներգիայի և գազի անխափան մատակարարում ապահովելու շահերից։ «Դա բխում է հասարակ մարդկանց, հայերի, տարածաշրջանի բնակիչների շահերից»,- հավելել է Լավրովը։
Նա ընդգծել է, որ Ռուսաստանը՝ որպես խաղաղ գործընթացի առանցքային միջնորդ, սկսած 2020 թվականի նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ հայտարարությունից, շահագրգռված է ճգնաժամի շուտափույթ հանգուցալուծմամբ՝ լիովին համապատասխան եռակողմ հայտարարություններին, որոնք ընդունել են Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները 2020, 2021 և 2022 թվականներին։
Նախարարը նշել է, որ կողմերը քննարկել են նաև տարածաշրջանում անխոչընդոտ տեղաշարժի ապահովման, տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերը, ինչպես նաև առանձնահատուկ ուշադրություն է դարձվել սահմանազատման հարցերին, որոնք սերտորեն առնչվում են քննարկվող խնդիրների ամբողջ շարքին, ինչպես նաև Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքման հարցերին։
«Մենք ակնկալում ենք, որ այս համաձայնագրի ստորագրումը կլինի մեծ բանակցային գործընթացի գագաթնակետը, որը սահման կանցնի հայերի և ադրբեջանցիների ջանքերի վրա, որոնք սկսվել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ եռակողմ հանդիպումների ժամանակ»,- ասել է Լավրովը։
Նրա խոսքով, բանակցությունների շրջանակներում ամենազգայուն հարցը «եղել և մնում է Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության երաշխավորման խնդիրը՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության ապահովման համատեքստում՝ 1991 թվականին Ալմա-Աթայում նախկին խորհրդային հանրապետությունների ղեկավարների ստորագրած Հռչակագրի համաձայն»։ Լավրովն ասել է, որ հռչակագրի արդյունավետությունն այսօր հաստատվում է թե՛ Ադրբեջանի, թե՛ Հայաստանի ղեկավարության կողմից, ըստ այդմ՝ աշխատանքներ են տարվում խաղաղության պայմանագրի վրա։
«Հայկական կողմը հասկանում է Լեռնային Ղարաբաղի հայերին համոզելու անհրաժեշտությունը, որպեսզի հնարավորինս շուտ հանդիպեն Ադրբեջանի ներկայացուցիչների հետ՝ համաձայնեցնելու համապատասխան օրենսդրությունից և միջազգային պարտավորություններից (այս դեպքում՝ Ադրբեջանի) բխող իրավունքները, ներառյալ ազգային փոքրամասնությունների իրավունքների ապահովման բազմաթիվ կոնվենցիաները։ Ադրբեջանական կողմը պատրաստ է փոխադարձ հիմունքներով նույն երաշխիքները տրամադրել իր տարածքում ապրող անձանց նկատմամբ։ Հայերը պատրաստ են նույնը անել Հայաստանի Հանրապետությունում բնակվող քաղաքացիների նկատմամբ բոլոր կոնվենցիաների կիրառման հարցում»,- ասել է Լավրովը՝ նշելով, որ դրանք «բարդ» հարցեր են։
ՌԴ ԱԳ նախարարը հույս է հայտնել, որ այսօրվա քննարկումները կնպաստեն դրական լիցք հաղորդելու այս և այլ ոլորտներում բանակցային գործընթացին։ Նրա խոսքով, այս փուլում ամենամոտ արդյունքը եռակողմ աշխատանքային խմբում համաձայնության ձեռքբերումն է՝ երեք փոխվարչապետների գլխավորությամբ, որոնք զբաղվում են տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման կոնկրետ հարցերի շուրջ համաձայնեցմամբ։ Այս համատեքստում հեռանկարներ կբացվեն նաև տրանսպորտի ոլորտում խոստումնալից նախագծերի իրականացման համար, որոնք արդեն ոչ միայն տարածաշրջանային, այլև ավելի լայն բնույթ ունեն, հավելել է նա։
Լավրովն ասել է, որ կողմերը պայմանավորվել են փորձել վերսկսել երկխոսությունը քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և քաղաքագետների միջև երկրորդ ճանապարհով։ Նրա խոսքով, ռուսական կողմն այսօր առաջարկել է նաեւ խորհրդարանականների միջոցով եռակողմ երկխոսություն սկսել։ Լավրովը նշել է, որ ռուսական կողմը կշարունակի աշխատել հետագա հանդիպումների նախապատրաստման ուղղությամբ։ Նա ասել է, որ, ի թիվս այլ բաների, այս տարի նախատեսվում է անցկացնել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հերթական գագաթնաժողովը։
«Հույս ունենք, որ բանակցային գործընթացը կշարունակվի։ Մենք հասկանում ենք և՛ հայկական, և՛ ադրբեջանական կողմերի շահագրգռվածությունը միջնորդներ օգտագործել ոչ միայն ի դեմս Ռուսաստանի Դաշնության, այլ նաև այլոց։ Մենք ողջունում ենք նրանց ցանկությունը, ովքեր անկեղծորեն շահագրգռված են օգնելու Բաքվին և Երևանին համաձայնագրեր գտնելու հարցում, ովքեր մեզ նման աշխատում են այս ուղղությամբ։ Բայց չպետք է փորձեր արվեն արհեստականորեն պարտադրելու որոշակի պայմանավորվածություններ ոչ թե հայ և ադրբեջանցի ժողովուրդների շահերից ելնելով, այլ՝ հանուն լրատվամիջոցների գեղեցիկ վերնագրերի, հանուն աշխարհաքաղաքական և ներքաղաքական նկատառումների»,-ասել է նաև ՌԴ ԱԳ նախարարը։