ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղ ուղարկված օգնությունը բացառապես մարդասիրական նպատակներով է։
«Մենք չենք կարող աչք փակել այն իրավիճակի վրա, որի հետ առերեսվում են Լեռնային Ղարաբաղի հայերը։ Լեռնային Ղարաբաղ ուղարկված 360 տոննա կենսական նշանակություն ունեցող սննդամթերքը բացառապես մարդասիրական նպատակներով է»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խումբը որոշումներ է կայացրել Լեռնային Ղարաբաղի բնակչությանը պարենային և բժշկական հրատապ հումանիտար աջակցության վերաբերյալ։ Այսօր Երևանից Արցախ է ուղարկվել 19 բեռնատար՝ մոտ 400 տոննա մարդասիրական բեռով, մասնավորապես՝ ալյուր, կարագ, մանկական սնունդ, մակարոնեղեն և առաջին անհրաժեշտության ապրանքներ։
Հայտնել էինք նաև, որ «Սնունդ կյանքի համար» մոտ 400 տոննա մարդասիրական օգնությամբ բեռնատարների շարասյունն անցել է հայկական անցակետը և գտնվում է Կոռնիձորի սահմանային հատվածում և կմնան այնտեղ այնքան ժամանակ, քանի դեռ խաղաղապահների կողմից արձագանք չի ստացվել։ Հումանիտար բեռների փոխադրմանը հետևում են ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության ներկայացուցիչները՝ առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերի գլխավորությամբ։
Ադրբեջանի ԱԳՆ-ն «սադրանք» է անվանել Հայաստանի կողմից Արցախ մարդասիրական օգնություն ուղարկելը՝ հայտարարելով, որ «սադրանքին մասնակցել են Հայաստանում ԵՄ առաքելությունը և դիվանագիտական կորպուսը՝ ցույց տալով, որ դա նախապես ծրագրված քայլ է»։