Ադրբեջանի կողմից Արցախի քաղաքացի Վագիֆ Խաչատրյանի առևանգումը նախապես մանրամասնորեն ծրագրված է եղել, հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։
«Հարկ ենք համարում ընդգծել, որ ԿԽՄԿ նախապես կողմերին տրամադրում է տեղափոխվող հիվանդների ցուցակները և միայն համաձայնեցնելուց հետո է իրականացնում նրանց տեղափոխումը։ Ադրբեջանի գլխավոր դատախազության կողմից առևանգումից անմիջապես հետո՝ կեղծ նարատիվներով և մեղադրանքներով լի հաղորդագրության տարածումը ցույց է տալիս, որ այս գործողությունը նախապես մանրամասնորեն ծրագրված է եղել։ Ավելին, հաղորդագրության մեջ հնչում է բացահայտ սպառնալիք նույն մոտեցումը ԼՂ այլ բնակիչների նկատմամբ ևս կիրառելու վերաբերյալ»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ Ադրբեջանի այս գործելակերպը միջազգային հումանիտար իրավունքի աղաղակող խախտում է. միջազգային հումանիտար իրավունքի և ԿԽՄԿ պաշտպանության ներքո գտնվող անձի ձերբակալումը այլ կերպ, քան ռազմական հանցագործություն որակել չի կարելի և միտված է ամբողջությամբ արգելափակելու ԿԽՄԿ գործունեությունը Լեռնային Ղարաբաղում, այն պարագայում, երբ Ադրբեջանը շարունակում է արգելափակված պահել Լաչինի միջանցքը և առհասարակ խոչընդոտում է այլ մարդասիրական կազմակերպությունների մուտքը ԼՂ:
«Հատկանշական է, որ ադրբեջանական իշխանությունների այս գործողությունն իրենից ներկայացնում է երկրի նախագահի կողմից մայիսի 28-ին արված՝ «Լաչինի միջանցքում անցակետի տեղադրումը ԼՂ հայերի համար դաս լինելու, նրանց՝ գլխիկոր ներկայանալու» հայտարարության և շարունակաբար հնչող սպառնալիքների ուղղակի իրականացում, որոնց մասին հայկական կողմը բազմիցս ահազանգել է միջազգային գործընկերներին՝ կոչ անելով դատապարտել այդ և նմանօրինակ այլ հայտարարությունները։ Ադրբեջանի այս գործողությունն անմիջականորեն ի ցույց է դնում, որ Հայաստանի կողմից արդեն իսկ տևական ժամանակ բարձրաձայնվող էթնիկ զտումների վերաբերյալ ահազանգերն արտացոլում են առկա օրհասական վտանգների լրջությունը»,- ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ:
ԱԳՆ-ն շեշտել է, որ այս գործելակերպը ևս մեկ անգամ ի ցույց է դնում 44-օրյա պատերազմից հետո Բաքվում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների, քաղաքացիական անձանց, ինչպես նաև ս.թ. մայիսի 26-ին ՀՀ ինքնիշխան տարածքից առևանգված զինծառայողներին չվերադարձնելու, նրանց նկատմամբ շինծու դատավարությունների իրականացման հարցում ադրբեջանական կողմի փաստարկների սնանկությունը:
«Լաչինի միջանցքի ամբողջական փակմանը և ԼՂ ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցերի հասցեագրումից հրաժարվելուն զուգահեռ իրականացվող այս ինքնիրավչությունը միտված է ԼՂ բնակչության ահաբեկմանը և ևս մեկ անգամ լուրջ կասկածի տակ է դնում միջազգային ներգրավածության բացակայության պարագայում ԼՂ ժողովրդի ոչ միայն նվազագույն իրավունքների ապահովման, այլև կյանքի իրավունքի իրացման հնարավորությունը»,- ընգծել է գերատեսչությունը:
ՀՀ ԱԳՆ-ն անընդունելի և դատապարտելի է համարել Ադրբեջանի կողմից այսօր իրականացված հանցավոր գործողությունը և Լաչինի միջանցքի շարունակվող արգելափակումը:
«Ակնկալում ենք միջազգային հանրության միասնական և հստակ քայլերը, այդ թվում` առկա գործիքակազմի օգտագործումն՝ ուղղված Լաչինի միջանցքով անխափան տեղաշարժի վերականգնման, Լեռնային Ղարաբաղում միջազգային մարդասիրական կազմակերպությունների գործունեության ապահովման և Լեռնային Ղարաբաղ հումանիտար մուտքի ապահովման ուղղությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ադրբեջանցի զինվորականները բերման են ենթարկել արցախցի 68-ամյա մի բնակչի, որը ԿԽՄԿ-ի ուղեկցությամբ մեկնում էր Երևան՝ բուժման նպատակով։ Տղամարդուն ձերբակալել են Լաչինի միջանցքում տեղադրված ապօրինի անցակետում։ Ավելի ուշ ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով երկրի Դատախազությանը, տեղեկացրեցին Վագիֆ Խաչատրյանի կալանավորման մասին։ ԱՀ նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը հայտնել է, որ Վագիֆ Խաչատրյանը ձերբակալվել է դստեր ներկայությամբ։
ՀՀ ԱԳՆ խոսնակը Վագիֆ Խաչատրյանի առևանգումը որակել է որպես միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտում։