ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Լաչինի միջանցքի ճգնաժամի վերաբերյալ պաշտոնական նամակ է ուղարկել միջազգային գործընկերներին, հայտնում է ՀՀ ԱԺ-ն։
«ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պաշտոնապես դիմել է միջազգային խորհրդարանական հեղինակավոր կառույցների ղեկավարներին, միջազգային գործընկերներին և տարբեր երկրների խորհրդարանների ղեկավարներին` ուշադրություն հրավիրելով 8 ամիս շարունակ Լաչինի միջանցքի ճգնաժամի հետևանքով առաջացած ծանր իրադրությանը: Գրության մեջ մանրամասներ են ներկայացվում Լեռնային Ղարաբաղում շրջափակման հետևանքով բնաջնջման իրական վտանգի առջև հայտնված 120.000 հայ բնակչության վիճակից: Նամակում շեշտվում է, որ շրջափակմանը զուգահեռ միտումնավոր խափանվել է բնական գազի և էլեկտրաէներգիայի մատակարարումը Լեռնային Ղարաբաղ, իսկ հունիսի 15-ից Ադրբեջանն ամբողջությամբ արգելել է նույնիսկ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մարդասիրական մուտքը Լեռնային Ղարաբաղ, ամբողջությամբ դադարեցվել է մինչև իսկ առաջին անհրաժեշտության ապրանքների մատակարարումը: Անդրադառնալով առաջին անհրաժեշտության ապրանքներին` նշվել է, որ հացահատիկի ունեցած պաշարն արագ սպառվում է, իսկ վառելիքի բացակայության պատճառով հնարավոր չէ հաց թխել առնվազն արտադրական ծավալներով և հասցնել խանութներ»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ ՀՀ ԱԺ նախագահն ուշադրություն է հրավիրել այն փաստին, որ հուլիսի 26-ին Հայաստանի կառավարությունը 360 տոննա մարդասիրական բեռ է ուղարկել Լեռնային Ղարաբաղ, սակայն Ադրբեջանի իշխանությունները թույլ չեն տալիս, որպեսզի 19 բեռնատարից բաղկացած ավտոշարասյունը Լաչինի միջանցքով անցնի Ստեփանակերտ:
Գերատեսչության փոխանցմամբ՝ նամակում նկարագրվում է Արդարադատության միջազգային դատարանի որոշման անտեսումն Ադրբեջանի կողմից, որով պարտավորեցվել էր Ադրբեջանին անմիջապես կասեցնել հսկիչ անցագրային կետի գործունեությունը, քանի որ այն անհերքելիորեն խոչընդոտում է ԼՂ-ում բնակվող հայերի` 1965 թվականի «Ռասայական խտրականության բոլոր ձեւերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայով սահմանված իրավունքները:
«Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ստեղծած հումանիտար աղետը ցույց է տալիս, որ առանց կենսունակ միջազգային մեխանիզմի, ոչ մի հայ չի կարող գոյատևել Լեռնային Ղարաբաղում: Մենք մեծապես կարևորում ենք գործընկեր խորհրդարանների և միջազգային կազմակերպությունների կողմից արված հասցեական և օբյեկտիվ գնահատականներն ու ջանքերը` ուղղված խաղաղության օրակարգին և մեր տարածաշրջանի կայունությանը»,- ասված է նամակում:
Նշվում է, որ Սիմոնյանը քայլերի հաջորդականություն է նշել, որոնց իրականացման արդյունքում հնարավոր կլինի փոխել իրավիճակը:
«Միջազգային մեխանիզմների ներդրում. միջազգային կազմակերպությունները պետք է գործեն արագ իրենց լիազորված իրավասությունների եւ գոյություն ունեցող գործիքների շրջանակներում, որոնք նախատեսված են նման իրավիճակների լուծման համար: Մարդասիրական միջազգային կազմակերպությունները, մասնավորապես, ՄԱԿ-ի գործակալությունները, պետք է մոնիտորինգային առաքելություններ իրականացնեն դեպի միջանցք եւ տարածաշրջան` ի հեճուկս խոչընդոտների»,- գրել է ՀՀ ԱԺ նախագահը:
Սիմոնյանը կարևորել այն փաստի արձանագրումը, որ ՀՀ դիրքորոշմամբ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցը պետք է հասցեագրվի Բաքու-Ստեփանակերտ երկխոսության, բանակցությունների, քննարկումների արդյունքում:
«Հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ուժերի անհամաչափելիությունը, մենք կարծում ենք, որ այդ խոսակցությունը պետք է տեղի ունենա միջազգային մեխանիզմների շրջանակներում, ուր ներկա կլինի միջազգային հանրությունը: Ցավոք, Հայաստանի շահագրգռվածությունը գործընթացում Ադրբեջանն ընկալում և մեկնաբանում է որպես ոտնձգություն կամ նկրտում Ադրբեջանի տարածքային ամբողջականության նկատմամբ»,- արձանագրել է Սիմոնյանը:
ՀՀ ԱԺ նախագահը հույս է հայտնել, որ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի որոշման չկատարման պարագայում Ադրբեջանի նկատմամբ կկիրառվեն պատժամիջոցներ։
«Եթե Բաքուն խելամիտ ժամկետում չկատարի ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի` իրավաբանորեն պարտադիր ուժ ունեցող որոշումը, ակնկալում ենք, որ Ձեր ղեկավարած խորհրդարանական մարմինը կդիմի Եվրոպական հանձնաժողով (երկրի կառավարություն)` Ադրբեջանի դեմ համապատասխան պատժամիջոցներ կիրառելու հորդորով: Սրանք դյուրին լուծումներ չեն ու պահանջում են բարդ որոշումներ եւ վճռականություն, բայց դրանք կենսունակ են 120.000 խաղաղ բնակչության շարունակվող էթնիկ զտումները կասեցնելու համար»,- գրել է նա:
Եզրափակելով նամակը՝ Սիմոնյանը կարևորել է մարդասիրական օգնության բեռով ավտոշարասյան հասնելը Լեռնային Ղարաբաղ և նշել այդ ուղղությամբ գործուն քայլերի ակնկալիքի մասին։
Հունիսի 15-ին Ադրբեջանը արգելել է մարդասիրական, ուղևորափոխադրումներ և բեռնափոխադրումներ Լաչինի միջանցքով։ Հունիսի 22-ին ադրբեջանցիները բետոնե պատնեշներ են տեղադրել նաև Լաչինի միջանցքի մուտքի մոտ։ Հունիսի 25-ին Արցախի առողջապահության նախարարությունը հայտարարել է ԿԽՄԿ-ի միջնորդությամբ Արցախից Հայաստան հիվանդների տեղափոխումը վերսկսելու մասին։ Սակայն հուլիսի 11-ին Ադրբեջանն արգելել է ԿԽՄԿ մեքենաների անցումը Լաչինի միջանցքով՝ պատճառաբանելով «մաքսանենգության դեպք»:
Հուլիսի 26-ին Երևանից Արցախ է ուղարկվել 19 բեռնատար՝ 400 տոննա մարդասիրական բեռով, մասնավորապես՝ ալյուր, կարագ, մանկական սնունդ, մակարոնեղեն եւ առաջին անհրաժեշտության ապրանքներ։ Ավելի ուշ հայտնել էինք, որ «Սնունդ կյանքի համար» 400 տոննա մարդասիրական օգնությամբ բեռնատարների շարասյունն անցել է հայկական անցակետը և գտնվում է Կոռնիձորի սահմանային հատվածում և կմնան այնտեղ այնքան ժամանակ, քանի դեռ խաղաղապահների կողմից արձագանք չի ստացվել։ Հումանիտար բեռների փոխադրմանը հետևում են ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության ներկայացուցիչները՝ առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերի գլխավորությամբ։