Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Euronews-ին տված հարցազրույցում ասել է, որ Ադրբեջանի նախագահը դեռ հրապարակայնորեն չի հաստատել Երևանի և Բաքվի միջև տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման համաձայնագիրը։ Ըստ վարչապետի, դա չի նպաստում բանակցություններում վստահության մթնոլորտ ստեղծելու համար։
Փաշինյանը նշել է, որ Բրյուսելում նախավերջին հանդիպման ժամանակ կողմերը ձեռք են բերել փոխըմբռնում, որ Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը՝ 29 800 քառ․ կմ և համապատասխանաբար 86 600 քառ. կմ տարածքով։ «Մինչև այս պահն Ադրբեջանի նախագահը հրապարակային չի հաստատել այդ պայմանավորվածությունը: Ճիշտ է՝ չի էլ հերքել: Սա մի նրբություն է, որը որոշակի լրացուցիչ վստահության պակաս է ստեղծում»,- ասել է նա։
Միաժամանակ Փաշինյանն ընդգծել է, որ «խաղաղությունը ոչ միայն հնարավոր է, այլև անհրաժեշտ»։ «Սա իմ համոզմունքն է, իմ դիրքորոշումը։ Սա այն է, ինչին ես հավատում եմ: Բայց որպեսզի դա տեղի ունենա, կարևոր է, որ միջազգային հանրությունը հասկանա կարևոր նրբերանգները, որպեսզի հստակ հասկանա, թե ինչու մենք արագ տեմպերով չենք շարժվում»,- ասել է նա։
Մեկնաբանելով ԵՄ-ի միջնորդությամբ բանակցությունները՝ Փաշինյանը նշել է, որ հայկական կողմը Բրյուսելում ձեռք բերված, սակայն չիրականացված պայմանավորվածությունների «աուդիտ» է պատրաստել։
«Ես ենթադրում եմ, որ արդյունավետ միջնորդությունն այն է, երբ պայմանավորվածությունների չկատարման պարագայում նաև որոշակի առնվազն քաղաքական վերաբերմունք է ձևավորվում այդ պարտավորությունը չկատարողի նկատմամբ: Օրինակ՝ բրյուսելյան հարթակում մենք դա չենք տեսնում, և ես անընդհատ այս հարցը բարձրացրել եմ: Ես Ձեզ գաղտնիք կարող եմ բացել՝ մենք նույնիսկ ունենք պատրաստած մի փաստաթուղթ, որի անունը դրել ենք աուդիտ, որտեղ թվարկել ենք այն պայմանավորվածությունները, որոնք բրյուսելյան հարթակում ձեռք են բերվել, բայց հետագայում չեն իրականացվել: Ահագին հաստ փաթեթ է ստացվել, ինչը մտահոգիչ է»,- ընդգծել է վարչապետը։
Փաշինյանը հարցազրույցում խոսել է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի մասին՝ ընդգծելով, որ այն, ինչ կատարվում է տարածաշրջանում, հումանիտար ճգնաժամ է։
«Ի՞նչ է նշանակում հումանիտար ճգնաժամ. Լեռնային Ղարաբաղ ընդհանրապես սնունդ չի մատակարարվում, արտաքին մատակարարման սնունդ չկա, չկան առաջին անհրաժեշտության մի շարք ապրանքներ, չկա մանկական սնունդ, չկա դեղորայք, չկան հիգիենիկ պարագաներ, չկան առաջին անհրաժեշտության այլ ապրանքներ, Լեռնային Ղարաբաղի բնական գազի մատակարարումը դադարեցված է Ադրբեջանի կողմից, Լեռնային Ղարաբաղին էլեկտրաէներգիայի մատակարարումը դադարեցված է Ադրբեջանի կողմից, վառելիքի մատակարարումը դադարեցված է Ադրբեջանի կողմից: Եվ այս առումով մենք այնտեղ սովի իրական վտանգի առաջ ենք կանգնած, առողջապահական խնդիրների և այլն, և այսպես շարունակ»,- ասել է նա։
Պատասխանելով Աղդամով անցնող երթուղիով Ղարաբաղ մատակարարումներ իրականացնելու Բաքվի առաջարկի մասին հարցին՝ Փաշինյանը պատասխանել է. «Ես չգիտեմ Դուք ինչի մասին եք խոսում, որովհետև ես խոսում եմ այն փաստաթղթի մասին, որը ես ստորագրել եմ և որն ունի միջազգային փաստաթղթի կարգավիճակ: Այնտեղ շատ հստակ գրված է, որ Լաչինի միջանցքը, որը գտնվում է ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո, և որը ոչ թե զուտ ճանապարհ է, այլ 5 կմ լայնությամբ տարածություն, պետք է դուրս լինի Ադրբեջանի վերահսկողությունից և որը պետք է ապահովի կապը Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև»:
Վարչապետը նաև ասել է, որ ուկրաինական ճգնաժամի պատճառով աշխարհաքաղաքական խաղացողների ուշադրությունը տարածաշրջանի վրա նվազում է։ «Ինչ վերաբերվում է Ռուսաստանի ներկայությանը, գիտեք իհարկե Ուկրաինայի իրադարձությունների բերումով ոչ միայն Ռուսաստանի, այլև մյուս աշխարհաքաղաքական խաղացողների ուշադրությունը մեր տարածաշրջանի նկատմամբ նվազում է, որովհետև գործնականում Ուկրաինան ամբողջ միջազգային ուշադրությունը կենտրոնացնում է իր վրա: Եվ, իհարկե, այդ գործոնը կա»,- ասել է նա՝ պատասխանելով հարցին, թե Ռուսաստանը պահպանո՞ւմ է ազդեցությունը տարածաշրջանում։
Ըստ Փաշինյանի՝ ուժերի մրցակցությունն անմիջականորեն կապված չէ տարածաշրջանի հետ, միևնույն ժամանակ, նա նշել է ուկրաինական հակամարտության սկսվելուց հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջև փոխգործակցության դադարեցման մասին։
«Ուզում եմ հիշեցնել, որ այդ տեսարաններն իրականում մեզ հետ ուղիղ չեն կապված, որովհետև գիտեք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահություն էր գործում, որը ստեղծված էր Լեռնային Ղարաբաղի խնդրի հասցեագրման համար, բայց 2022 թվականի ուղիղ փետրվարի 24-ից համանախագահները փաստացի ֆիզիկապես դադարեցրին իրենց շփումները: Նրանց մի մասը որոշեց, որ չի ուզում շփվել մյուս մասի հետ: Եվ այդտեղ առաջացավ նման խնդիր: Իրականում Ձեր նշած որոշակի, կամ իմ անվանած աշխարհաքաղաքական խանդի ժանրն ի հայտ եկավ այդ ամսաթվից հետո, որովհետև մինչև այդ, ըստ էության, նման ժանր չկար»,- ասել է վարչապետը։