Հայաստանը ծավալուն աշխատանք է տանում ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ դիմելու վրա՝ կապված Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի հետ, «ՍիվիլՆեթ»-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։
«Աշխատանքներ են ընթանում, որ Հայաստանի Հանրապետությունը կդիմի (ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին), որևէ մեկը չի կարող ասել՝ երբ, որ օրը Հայաստանի Հանրապետությունը հարց կբարձրացնի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում»,- ասել է նա։
Միաժամանակ Մարուքյանն ընդգծել է, որ չի կարելի դիմել Անվտանգության խորհրդին՝ առանց լայնածավալ նախապատրաստական աշխատանքների՝ նշելով, որ այս կառույցին դիմելու հետ կապված պետք չի մեծ ակնկալիքներ ձևավորել։
«Դա շատ կարևոր գործիք է, դա չի կարելի փուչ տեղը կիրառել և այդ գործիքի կիրառման հասունությունը բավականին բարձր մակարդակի է, բավականին հասունացել է այն պահը, որ այդ գործիքը պետք է կիրառենք»,- ասել է Մարուքյանը։
Դեսպանի խոսքով, ներկայումս աշխատանքներ են տարվում, որպեսզի Անվտանգության խորհրդի անդամ պետությունները և առաջին հերթին մշտական 5 անդամները «որևէ ձևով չխանգարեն պրոցեսին»։ Մարուքյանը հայտարարել է, որ հայկական կողմն ակնկալում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հստակ բանաձևի ընդունում Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։
«Այս անգամ մենք տրամադրված ենք գնալու (Անվտանգության խորհուրդ) բանաձևի համար, մենք դեռևս երբեք չենք գնացել բանաձևի հետևից։ Այս իմաստով շատ կարևոր է, որ մանրամասն աշխատանք տարվի, և մեր ակնկալիքը լինի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հստակ բանաձև՝ կապված Լաչինի միջանցքի հետ»,- ասել է նա։
Մարուքյանի խոսքով, դրա համար Հայաստանին անհրաժեշտ է Անվտանգության խորհրդի անդամ երկրների նվազագույնը 9 կողմ ձայն։
«Ես կարծում եմ, որ դրա հետ կապված լուրջ աշխատանքներ տարվել են, տարվում են և պետք է տարվեն։ Մյուս կողմից պետք է իմանալ, որ Ադրբեջանում հասկանում են, որ այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում, և իրենք էլ իրենց կողմից են աշխատանքներ տանում»,- շեշտել է դեսպանը։
Հունիսի 15-ից ադրբեջանական կողմը ամբողջությամբ արգելափակել է Լաչինի միջանցքը՝ թույլ չտալով մարդասիրական ուղևորափոխադրումներն ու բեռնափոխադրումները, ինչպես նաև արգելել է ԿԽՄԿ-ի միջնորդությամբ Արցախից Հայաստան հիվանդների տեղափոխումը։ Հուլիսի 6-ին ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը վերահաստատել է Լաչինի միջանցքով անխափան տեղաշարժը երաշխավորելու մասին Ադրբեջանին ուղղված պարտավորությունն ամրագրող որոշումը։