ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը խոսել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ԼՂ իրավիճակի և Լաչինի միջանցքի շուրջ քննարկումից Երևանի ակնկալիքների մասին։
«Մեր ակնկալիքն այն է, որ ՄԱԿ-ի ԱԽ-ն համապատասխան քննարկման արդյունքում ընդունի համապատասխան որոշումներ։ Օրինակ՝ կարող է որոշում լինել, որ ՄԱԿ-ի հումանիտար աջակցության գրասենյակի միջոցով հումանիտար օգնություն տրամադրվի, փաստահավաք խումբ ուղարկվի և վերջին հաշվով Արդարադատության միջազգային դատարանի միջանկյալ որոշման կատարման վերաբերյալ բանաձև լինի, որ Ադրբեջանին ևս մեկ անգամ պարտադրի ի կատար ածել դատարանի որոշումը»,- հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է Մարուքյանը։
Մարուքյանի խոսքով ՄԱԿ-ի զինանոցը շատ մեծ է. «Այլ հարց է, թե այդ զինանոցի, ո՞ր գործիքը կկիրառի ՄԱԿ-ի ԱԽ-ն, կկիրառի թե՞ չի կիրառի ընդհանրապես և ինչ հետևություններ կարվի քննարկման արդյունքում»,- ասել է նա։
Դեսպանը նշել է, որ ԱԽ նիստի օրը դեռևս հայտնի չէ․ «Կարծում եմ մոտ օրերս ամերիկյան նախագահությունը համապատասխան որոշում կկայացնի, այդ որոշման մասին կլինի հայտարարություն, կտրամադրվի տեղեկություն»,- ասել է Մարուքյանը՝ նշելով, որ ՀՀ-ն մոտ 4 ամիս աշխատանքներ է տարել ՄԱԿ-ի ԱԽ ներկայացվող դիմումի շուրջ։
«Վերջին օրերի Ադրբեջանի հայտարարությունները այն մասին, որ Հայաստանը զորք է կուտակում, ԼՂ-ում ՊԲ-ն զորքեր է տեղաշարժում խոսում է այն մասին, որ Ադրբեջանը փորձում է նոր պրովոկացիաներ հրահրել։ Սա նոր սադրանքի սուսի նախապատրաստման փուլն է»,- ասել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպանը՝ հավելելով, որ այնքան էլ հավանական չէ, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստին ընդառաջ սադրանք տեղի ունենա, բայց «դա Ադրբեջանի ձեռքին ճնշման լծակ է»։
Հայաստանն օգոստոսի 11-ին դիմել է Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհուրդ (ՄԱԿ ԱԽ)՝ Լեռնային Ղարաբաղի բնակչության հարկադրված լիակատար շրջափակման հետևանքով հումանիտար իրավիճակի վատթարացման հարցով արտահերթ նիստ գումարելու պահանջով:
Հունիսի 15-ից ադրբեջանական կողմը ամբողջությամբ արգելափակել է Լաչինի միջանցքը՝ թույլ չտալով մարդասիրական ուղևորափոխադրումներն ու բեռնափոխադրումները, ինչպես նաև արգելել է ԿԽՄԿ-ի միջնորդությամբ Արցախից Հայաստան հիվանդների տեղափոխումը։ Հուլիսի 26-ին Երևանից Արցախ է ուղարկվել 19 բեռնատար՝ 400 տոննա մարդասիրական բեռով, մասնավորապես՝ ալյուր, կարագ, մանկական սնունդ, մակարոնեղեն և առաջին անհրաժեշտության ապրանքներ։ Ավելի ուշ հայտնել էինք, որ «Սնունդ կյանքի համար» 400 տոննա մարդասիրական օգնությամբ բեռնատարների շարասյունը գտնվում է Կոռնիձորի սահմանային հատվածում։ Ադրբեջանի ԱԳՆ-ն «սադրանք» է անվանել Հայաստանի կողմից Արցախ մարդասիրական օգնություն ուղարկելը և թույլ չի տալիս հումանիտար բեռների մուտքն Արցախ։