Օգոստոսի 16-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ հեռախոսազրույցում շեշտել է Լաչինի միջանցքի արգելափակման անհապաղ վերացման ուղղությամբ հստակ քայլերի անհրաժեշտությունը, հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։
«ՄԱԿ Անվտանգության խորհրդի արտահերթ հանդիպմանն ընդառաջ Արարատ Միրզոյանը շեշտել է առկա մեխանիզմներն արդյունավետորեն օգտագործելու, 2020թ. նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից ստորագրված եռակողմ հայտարարության 6-րդ կետի և Արդարադատության միջազգային դատարանի 2023թ. փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի որոշումներին համապատասխան Լաչինի միջանցքի արգելափակման անհապաղ վերացման ուղղությամբ հստակ քայլերի անհրաժեշտությունը»,- ասված է հաղորդագրության մեջ:
Գերատեսչության հաղորդմամբ՝ Արարատ Միրզոյանն ընդգծել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի՝ արդեն 8 ամսից ավել շարունակվող ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում հումանիտար աղետի և ԼՂ-ն էթնիկ զտումների ենթարկելու՝ Ադրբեջանի մտադրության կանխման հրամայականը:
ՌԴ ԱԳՆ փոխանցմամբ՝ Լավրովը նշել է Լեռնային Ղարաբաղում հումանիտար սուր իրավիճակի շուտափույթ հանգուցալուծման խնդիրը՝ հաշվի առնելով 2020 և 2022 թ., ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հաստատման վերաբերյալ համաձայնագրերը: Ընդգծվել է, որ կարգավորման շահերից ելնելով սկզբունքորեն կարևոր է կենտրոնանալ «տեղում» փոխադարձ ընդունելի գործնական քայլերի համաձայնեցման վրա:
Նշվում է, որ այս ուղղությամբ մտքերի փոխանակություն է տեղի ունեցել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ բանավեճերի հեռանկարների շուրջ, ինչպես նաև անդրադարձ է կատարվել երկկողմ օրակարգի առանձին հարցերի, այդ թվում՝ տարբեր մակարդակներով առաջիկա շփումներին։
Օգոստոսի 12-ին Հայաստանը դիմել է ՄԱԿ-ի ԱԽ-ին՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման և Արցախում հումանիտար իրավիճակի վատթարացման կապակցությամբ հրատապ նիստ հրավիրելու խնդրանքով։
2022-ի դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ` «բնապահպանական» պատճառաբանություններով ժամը 10:30-ից փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Այսօրվա դրությամբ ճանապարհը շարունակում է փակ մնալ: Արցախի ԱԽ նիստում որոշում է կայացվել դիմել ՌԴ Արցախի Հանրապետությունում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը՝ անընդունելի համարելով միջանցքի փակումը: Հունիսի 15-ից Ադրբեջանն արգելել է Լաչինի միջանցքով հումանիտար փոխադրումները։