Հիմնական մարդասիրական օգնությունը երբեք չպետք է պատանդ լինի քաղաքական տարաձայնություններին, այս մասին հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը՝ նշելով, որ Միացյալ Նահանգները շարունակաբար աշխատել է կողմերի հետ վերջին մի քանի շաբաթվա ընթացքում, որպեսզի հումանիտար օգնությունը հասնի Լեռնային Ղարաբաղի բնակչությանը։
«Մենք կրկնում ենք մեր կոչը՝ անհապաղ վերաբացել Լաչինի միջանցքը մարդասիրական, առևտրային և ուղևորափոխադրումների համար։ Այնուհետև, Բաքվի պաշտոնյաները և Ստեփանակերտի ներկայացուցիչները պետք է անհապաղ հավաքվեն՝ համաձայնեցնելու Լեռնային Ղարաբաղի տղամարդկանց, կանանց և երեխաների համար կարևոր դրույթների փոխադրման միջոցները, ներառյալ մատակարարման լրացուցիչ ուղիները, և վերսկսել քննարկումները բոլոր չմարված հարցերի շուրջ»,- ասել է նա:
Միլլերը նշել է, որ ԱՄՆ-ն խորապես անհանգստացած է Լեռնային Ղարաբաղում մարդասիրական պայմանների վատթարացմամբ՝ սննդամթերքի, դեղորայքի և արժանապատիվ գոյության համար կարևոր այլ ապրանքների շարունակական արգելափակման հետևանքով։
Օգոստոսի 29-ի առավոտյան Ադրբեջանի ԿԽՄԿ նախագահ Նովրուզ Ասլանը հայտարարել էր Աղդամի ճանապարհով Ստեփանակերտ մարդասիրական բեռներ ուղարկելու մասին։ Ընկերությունը նախատեսում է մատակարարել 40 տոննա ալյուրի արտադրանք, ինչպես նաև վրաններ, տեխնիկական սարքավորումներ կազմակերպության աշխատակիցների գործունեության համար։ Հարյուրավոր Արցախցիներ հավաքվել էին Ակնա-Ստեփանակերտ ճանապարհին և արգելել ադրբեջանական բեռնատարների մուտքը։
Օգոստոսի 30-ին Գաբրիել Գաբոնը հայտնել էր, որ Ֆրանսիայից մարդասիրական օգնության շարասյունը Երևանից մեկնել է Արցախ, սակայն ադրբեջանական կողմն արգելել է հումանիտար բեռների մուտքն Արցախ։
Արցախը շրջափակման մեջ է 2022 թվականի դեկտեմբերի 12-ից։ Հունիսի 15-ից ադրբեջանական կողմը ամբողջությամբ արգելափակել է Լաչինի միջանցքը՝ թույլ չտալով մարդասիրական ուղևորափոխադրումներն ու բեռնափոխադրումները, ինչպես նաև արգելել է ԿԽՄԿ-ի միջնորդությամբ Արցախից Հայաստան հիվանդների տեղափոխումը։ Հուլիսի 26-ին Երևանից Արցախ է ուղարկվել 19 բեռնատար՝ 400 տոննա մարդասիրական բեռով, մասնավորապես՝ ալյուր, կարագ, մանկական սնունդ, մակարոնեղեն և առաջին անհրաժեշտության ապրանքներ։ Ավելի ուշ հայտնել էինք, որ «Սնունդ կյանքի համար» 400 տոննա մարդասիրական օգնությամբ բեռնատարների շարասյունը գտնվում է Կոռնիձորի սահմանային հատվածում։ Ադրբեջանի ԱԳՆ-ն «սադրանք» է անվանել Հայաստանի կողմից Արցախ մարդասիրական օգնություն ուղարկելը և թույլ չի տալիս հումանիտար բեռների մուտքն Արցախ։