Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է «La Repubblica»-ին տված հարցազրույցում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարությունը, ըստ որի՝ նա Հայաստանի անվտանգության կախվածությունը մեկ կենտրոնից՝ ՌԴ-ից, «ռազմավարական սխալ» էր անվանել։
«Պետք է կարողանալ պատասխան տալ սեփական արարքների համար, այլ ոչ թե մեղավորներ փնտրել և դա անել անվերջ, ամեն առիթով»,- ընդգծել Է դիվանագետը:
Զախարովայի խոսքով՝ քաղաքական և պետական գործիչը սեփական արարքների համար պատասխանատվություն կրելու ունակությամբ տարբերվում է այն մարդուց, որն «անցնում և չի մտածում իր երկրի ազգային շահերի մասին»:
Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչը մեկնաբանել է նաև Հայաստանի խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանի խոսքերը, որն «աբսուրդ» է անվանել Հայաստանի իշխանությունների կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումից հետո Ղարաբաղում իրավիճակի փոփոխության մասին Զախարովայի հայտարարությունները։
«Կոպտության նմանությամբ այս հրապարակային հռետորաբանությունը չի զարդարում Հայաստանի քաղաքական գործիչներին», – ասաց նա:
Հայաստանի կառավարության կողմից Հռոմի կանոնադրությունը ԱԺ վավերացմանը ուղարկելու առնչությամբ Զախարովան նշել է, որ Մոսկվան հայկական կողմից այդ հարցի շուրջ պարզաբանումներ է խնդրել: Նա հավելել է, որ Ռուսաստանը կկողմնորոշվի հետագա քայլերի հարցում՝ ելնելով Երևանի պատասխանի բովանդակությունից։
Սեպտեմբերի 3-ին ՀՀ վարչապետը «La Repubblica»-ին տված հարցազրույցում հայտարարել էր անվտանգության քաղաքականության դիվերսիֆիկացման Երևանի փորձերի մասին։ Փաշինյանը «ռազմավարական սխալ» էր անվանել Հայաստանի անվտանգության կախվածությունը մեկ կենտրոնից։ Փաշինյանը նաև ընդգծել էր, որ ավելի վաղ «դիտարկել են, թե ինչպես Ռուսաստանը մեկ օրում, ամսում կամ տարում լքեց Հարավային Կովկասը»։ Նույն հարցազրույցում Հայաստանի վարչապետը նշել էր, որ ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում չեն կատարում այն առաքելությունը, որն ստանձնել էին 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ։