Սոթքում ադրբեջանական զինուժի գնդակոծության հետևանքով երեք հայ զինվորների մահը հաստատեց Հայաստանում ԵՄ առաքելության ցածր արդյունավետությունը, ճեպազրույցում ասաց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մենք կողմ ենք սահմանամերձ գոտում ՀԱՊԿ առաքելության տեղակայմանը, և այստեղ, իհարկե, գնդակը Երևանի դաշտում է, կազմակերպության մյուս անդամ երկրները պատրաստակամություն են հայտնել այդ քայլին»,- պարզաբանել է Զախարովան։
Նա հիշեցրել է Ռուսաստանի օգնությամբ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և սահմանագծման, ինչպես նաև «վստահության ամրապնդման» միջոցառումների իրականացման անհրաժեշտության մասին։
Հայ-ադրբեջանական սահմանին լարվածության նոր փուլ է սկսվել սեպտեմբերի 1-ին, երբ, ըստ ՀՀ ՊՆ-ի, ժամը 07:50-ից Ադրբեջանի Զինված ուժերը ինտենսիվ կրակ են բացել Գեղարքունիքի մարզի Սոթքում և Նորաբակում գտնվող հայկական դիրքերի ուղղությամբ: Հայաստանը հայտնել է ադրբեջանական ստորաբաժանումների կողմից հրետակոծության հետևանքով 4 զոհի և մեկ վիրավորի մասին, Ադրբեջանը հայտնել է երեք վիրավորի մասին։
Գրեթե մեկ տարի առաջ՝ 2022 թվականի սեպտեմբերի 13-ին, ադրբեջանական զինուժը սկսեց հրետանային, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից ինտենսիվ կրակոցներ իրականացնել Գորիսի, Սոթքի և Ջերմուկի հայկական դիրքերի ուղղությամբ։
Վերջին տվյալներով՝ 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ը ադրբեջանական ագրեսիայի ժամանակ հայկական կողմից զոհերի և անհայտ կորածների թիվը հասել է 207-ի՝ ներառյալ երեք խաղաղ բնակիչների զոհվելը, որոնցից երկուսը անհետ կորած են։ Վիրավորվել է 293 զինծառայող, 7 քաղաքացիական անձ, մոտ 20 զինծառայող գերի է ընկել։
Բաքուն Արցախը շրջափակել է 2022 թվականի դեկտեմբերի 12-ից։ 2023 թվականի հունիսի 15-ին Ադրբեջանն արգելեց մարդասիրական օգնության առաքումը Լաչինի միջանցքով, իսկ ավելի ուշ այնտեղ բետոնե պատնեշներ տեղադրեց: