Հայաստանի հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի շրջանակներում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնաբանել է հայ-ռուսական հարաբերությունների դիտավորյալ սրման մասին հայտարարությունները՝ անդրադառնալով Աննա Հակոբյանի Ուկրաինա կատարած այցին, Հռոմի ստատուտի վավերացմանը և հայ-ամերիկյան զորավարժություններին։
Աննա Հակոբյանի այցն Ուկրաինա
«Իմ կնոջ այցն Ուկրաինա պետք չէ քաղաքականացնել, ես կարծում եմ՝ դա անհարկի քաղաքականցվում է։ Կինս արդեն երկար ժամանակ է ներգրավված է առաջին տիկինների և «ջենթլմենների» այդ միջազգային գործընկերության մեջ, որի շրջանակներում մասնակցում է միջոցառումների։ Առաջիկայում նման միջոցառում Հայաստանում է նախատեսված, և չեմ կարծում, թե այստեղ քաղաքական հետևություններ անելու անհրաժեշտություն կա»,- ասել է Փաշինյանը։
Հռոմի ստատուտի վավերացում
«Հռոմի ստատուտի վավերացման գործընթացը Հայաստանում մեկնարկել է 2022 թվականի դեկտեմբերին, պարզապես մեր ընթացակարգերով այն որոշակի ժամանակ է տանում ու, ցավոք, այն վատ համընկումներ ունեցավ Ռուսաստանի և Հաագայի քրեական դատարանի հարաբերությունների համատեքստում։ Պետք է արձանագրեմ, որ այդ գործընթացն ամենևին էլ կապված չէ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների հետ, դա կապված է հենց սահմանային իրադրության լարվածությունների հետ։ Մենք հասկանում ենք, իհարկե, որ վատ և անհանգստացնող կոնտեքստներ են ձևավորում, բայց մյուս կողմից մենք չենք կարող մեր հարաբերությունները և պարտավորությունները սառեցնել մյուս գործընկերների հետ և փորձում ենք բնականոն կերպով զարգացնել։ Պետք է արձանագրեմ, որ Հռոմի ստատուտն ամենևին էլ մեր կառավարության օրոք չի ստորագրվել, նաև նախկինում չի վավերացվել այն պատճառով, որ Սահմանադրական դատարանը եզրակացրել է, որ հակասում է սահմանադրությանը, բայց 2015 թվականից մենք նոր խմբագրությամբ Սահմանադրություն ունենք և այդ հակասությունները վերացված են»,- նշել է ՀՀ վարչապետը։
Անդրադառնալով նաև Հայաստան-Ամերիկա զորավարժույթյուններին՝ Փաշինյանը նշել է, որ նման զորավարժություններ ամենևին էլ առաջին անգամ չեն տեղի ունենում Հայաստանի Հանրապետությունում։