Մոսկվան Երևանին վերաբերվում է որպես դաշնակցի, Արևելյան տնտեսական ֆորումի շրջանակներում TAСС-ին ասել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը:
«Հայաստանը մեր դաշնակիցն է։ Մենք հենց այդպես էլ վերաբերվում ենք Հայաստանին»,- ասել է նա՝ պատասխանելով հարցին, թե վատթարացե՞լ են արդյոք հարաբերությունները Հայաստանի հետ ինտեգրացիոն կառույցների գծով։
Ըստ Ռուսաստանի փոխվարչապետի, Ռուսաստանի և Հայաստանի մոտակա շփումները կարող են լինել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) խորհրդի՝ սեպտեմբերի 27-ին կայանալիք նիստի շրջանակներում:
«Մոտ ժամանակներս՝ սեպտեմբերի 27-ին, մենք Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստ ունենք»,- ասել է նա՝ պատասխանելով հարցին, թե Մոսկվայի և Երևանի միջև շփումներ սպասվո՞ւմ են։
ՌԴ փոխվարչապետը հիշեցրել է, որ կողմերը վերջին անգամ շփվել են ինտեգրացիոն կառույցների գծով ԵՏՀ նախորդ խորհրդի ժամանակ՝ օգոստոսի 27-ին:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 3-ին La Repubblica պարբերականին տված հարցազրույցում անվտանգության ոլորտում մեկ կենտրոնից Հայաստանի կախվածությունն անվանել էր «ռազմավարական սխալ»: Ի պատասխան Փաշինյանին՝ Ռուսաստանի ԱԳՆ-ն ՀՀ վարչապետին մեղադրել էր անպատասխանատվության և իր սխալների համար մեղավորներ փնտրելու փորձի մեջ:
Սեպտեմբերի 8-ին Մոսկվայում Հայաստանի դեսպան Վաղարշակ Հարությունյանին կանչել էին Ռուսաստանի ԱԳՆ, որտեղ նրան «կոշտ նոտա» էին ներկայացրել։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը սեպտեմբերի 11-ին հայտարարել էր, որ Մոսկվան չի վախենում կորցնել դաշնակցին՝ ի դեմս Երևանի: Այդ օրն՝ ավելի ուշ, Փաշինյանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցներն անարդյունք էր անվանել և հայտարարել Հայաստանի կողմից անվտանգության լրացուցիչ գործիքներ ստանալու անհրաժեշտության մասին: