Սեպտեմբերի 13-ին Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարարներ Արարատ Միրզոյանը և Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Հարավային Կովկասում կայունությանն ու անվտանգությանն առնչվող հարցեր, հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։
Անդրադառնալով տարածաշրջանում վերջին զարգացումներին՝ նախարար Միրզոյանը նշել է գործընկերների՝ Հայաստանի հետ սահմանին իրավիճակի սրումը զսպելուն ուղղված ջանքերի և ուղերձների, Ադրբեջանին կառուցողական դաշտ վերադարձնելու կարևորությունը: Տարածաշրջանում երկարատև կայունության հասնելու համատեքստում ընդգծվել է նաև Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցերի հասցեագրման անհրաժեշտությունը:
Կողմերը քննարկել են նաև երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր: Երկուստեք վերահաստատվել է երկխոսությունը տարբեր հարթակներում և ձևաչափերով շարունակելու պատրաստակամությունը:
Օգոստոսի 11-ին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ սահմանին լարված է, քանի որ Հայաստան-Ադրբեջան պետական սահմանին և Լեռնային Ղարաբաղի շուրջ կա ադրբեջանական զորքերի որոշակի կուտակում։
Հայ-ադրբեջանական սահմանին լարվածության նոր փուլ է սկսվել սեպտեմբերի 1-ին, երբ, ըստ ՀՀ ՊՆ-ի, ժամը 07:50-ից Ադրբեջանի Զինված ուժերը ինտենսիվ կրակ են բացել Գեղարքունիքի մարզի Սոթքում և Նորաբակում գտնվող հայկական դիրքերի ուղղությամբ: Հայաստանը հայտնել էր ադրբեջանական ստորաբաժանումների կողմից հրետակոծության հետևանքով 4 զոհի և մեկ վիրավորի մասին, Ադրբեջանը հայտնել էր երեք վիրավորի մասին։ Ավելի ուշ ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ զոհված համարվող զինծառայողի սրտի զարկը վերականգնվել է և հայտնել, որ հայկական կողմն ունի 3 զոհ։