Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը, ի պատասխան «Արմենպրես»-ի հարցման, նշել է, որ «Հայաստանը երբևէ չի դիմել Ռուսաստանի Դաշնությանը դիզվառելիք կամ բենզին անհատույց մատակարարելու խնդրանքով»։
«Երևանը երբևէ չի դիմել Մոսկվային դիզվառելիք կամ բենզին անհատույց մատակարարելու խնդրանքով: Համաձայն 2013թ.-ին կողմերի միջև կնքված գազի, նավթամթերքների, բնական ալմաստների մատակարարման ոլորտում համագործակցության համաձայնագրի՝ յուրաքանչյուր տարվա համար ՌԴ-ն ՀՀ-ի համար հաստատում է նավթամթերքների արտահանման ինդիկատիվ քվոտաներ:
Բենզինի և դիզվառելիքի մասով այդ քվոտաները 2023թ. հոկտեմբերի սկզբին սպառվել են, և հայկական կողմը դիմել է քվոտաների ավելացման խնդրանքով, որը մասնակի բավարարվել է, ինչի արդյունքում ՀՀ ներմուծողները հնարավորություն են ստացել ՌԴ-ից գնել և ՀՀ ներմուծել 15 հազար տոննա բենզին և 20 հազար տոննա դիզվառելիք»,- նախարարության պատասխանը մեջբերում է գործակալությունը։
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել էր, որ Ռուսաստանը նավթամթերք է ուղարկում Հայաստան։ Գերատեսչության հաղորդագրության մեջ նշվում էր, որ մատակարարումները սկսվել են «ի պատասխան Հայաստանի ղեկավարության կոչին»։