Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեղադրել է Բիշքեկում ռուսական միջնորդությամբ հայ-ադրբեջանական բանակցություններ վարելուց հրաժարվելու մեջ, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
«Ռուսաստանին միջնորդությունը երախտագիտությամբ ենք ընկալում։ Ցավոք, հայկական կողմն այդ հանդիպումից հրաժարվեց։ Հիմա հարց է առաջանում՝ արդյո՞ք Հայաստանը խաղաղություն է ուզում։ Կարծում եմ՝ ոչ, որովհետև եթե խաղաղություն ցանկանային, չէին հրաժարվի այդ հնարավորությունից։ Հայաստանի վարչապետը 6 ժամ թռչում է Գրանադա, այնտեղ մասնակցում է անհասկանալի հանդիպման, որտեղ քննարկվում է Ադրբեջանը՝ առանց Ադրբեջանի, իսկ 2-3 ժամ Բիշքեկ թռչել նա չի կարող, կարևոր գործեր ունի»,- ասել է Ալիևը՝ ԱՊՀ մասնակից պետությունների անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստում:
Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը հոկտեմբերի 9-ին հայտարարել էր, որ Մոսկվան դիտարկում է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների՝ հոկտեմբերի 12-ին Բիշքեկում ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակներում բանակցություններ անցկացնելու հնարավորությունը: ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ չի մեկնի Բիշքեկ՝ ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստին, երկիրը կներկայացնի փոխնախարարը: Հոկտեմբերի 11-ին Ալիևը հայտարարել էր, որ Մոսկվայի միջնորդությունից Երևանի հրաժարվելու դեպքում այլընտրանք կարող են դառնալ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների միջև ուղիղ բանակցությունները: