Աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Լիտվայի վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեի հետ համատեղ ասուլիսում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է ԵՄ աջակցությամբ Երևան-Բաքու հարաբերությունների կարգավորման ճանապարհային քարտեզի մասին:
«Բրյուսում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ Ադրբեջանի նախագահի և իմ հանդիպումների ընթացքում, ըստ էության, ձևավորվել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության և հարաբերությունների կարգավորման ճանապարհային քարտեզ, որն արտահայտվել է նաև Գրանադայի քառակողմ հայտարարության մեջ: Այդ ճանապարհային քարտեզին կողմերի հավատարմությունը ճեղքում կապահովի խաղաղության գործընթացում: Հայաստանն ինչպես հաստատել, այնպես էլ վերահաստատում է վերը նշված սկզբունքներին իր հավատարմությունը»,- ասել է նա:
ՀՀ վարչապետը Լիտվայի վարչապետին է ներկայացրել խաղաղության խաչմերուկի Հայաստանի նախագիծն ու առաջարկը:
«Առանցքային նպատակը տարածաշրջանային Հյուսիս-Հարավ և Արևելք-Արևմուտք կոմունիկացիաների վերաբացումն ու ակտիվացումն է, այդ թվում՝ Հայաստանի տարածքով և որը Կասպից ծովը կմիացնի Միջերկրականին, Սև ծովը Ծոցին, և սա կարող է ոչ միայն մեր տարածաշրջանի կայունության և զարգացման երկարաժամկետ երաշխիք լինել, այլև գլոբալ տնտեսական համագործակցության կարևոր օղակ դառնալ: Սա կարող է ակտիվացնել նաև ԵՄ-Հայաստան, Լիտվա-Հայաստան տնտեսական կապերը»,- նշել է Փաշինյանը:
Անդրադարձ է կատարվել նաև Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած էթնիկ զտումներին, և ԼՂ 100 հազար հայերի փախստական դառնալու փաստին, ինչպես նաև նրանց հրատապ կարիքները բավարարելուն ուղղված ՀՀ կառավարության քայլերին:
Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Լիտվան Եվրոպական միությունում ՀՀ վստահելի գործընկերներից է, և շնորհակալություն հայտնել ԵՄ-Հայաստան հարաբերություններում Լիտվայի կողմից ցուցաբերվող քաղաքական աջակցության համար:
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ։ Սեպտեմբերի 28-ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն ԱՀ պետական համակարգը լուծարելու հրամանագիր էր ստորագրել, համաձայն որի՝ 2024-ի հունվարի 1-ից Արցախի Հանրապետությունը կդադարի գոյություն ունենալ։ Վերջին տվյալներով՝ Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով կա 200 զոհ (10 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 5 երեխա) և 400 վիրավոր (40 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 13 երեխա), ԼՂ-ից բռնի տեղահանված անձնաց թիվը կազմում է 100․632։