Եվրամիությունը մտադիր է ընդարձակել իր դիտորդական առաքելությունը Հայաստանում, գրում է «Ազատություն»-ը՝ հղում անելով Բրյուսելում իր աղբյուրներին։
Նշվում է, որ այս պահին ԵՄ-ն 100 դիտորդ ու փորձագետ ունի Հայաստանում, որոնց առաքելությունն է դիտարկել ու Բրյուսելին հաշվետվություն ներկայացնել Ադրբեջանի հետ սահմանին տիրող իրավիճակի մասին, նպաստել անվտանգությանն ու հնարավորության դեպքում Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունների միջև վստահության ամրապնդմանը, իսկ թե ինչ փոփոխություններ է կրելու և որքանով է ավելանալու դիտորդների թիվը, առայժմ հստակ չէ։
ԶԼՄ-ի փոխանցմամբ՝ այդ հարցերը, ամենայն հավանականությամբ, կորոշվեն առաջիկա շաբաթների ընթացքում։
Հոկտեմբերի 3-ին Ֆրանսիայի արտգործնախարար Կատրին Կոլոննան հայտարարել էր, որ պաշտոնապես դիմել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելին՝ ընդլայնելու ԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում։