Ռուսական ռազմաբազան հանելու հարց չենք քննարկում, ամերիկյան The Wall Street Journal-ին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մենք դրա մասին առաջին անգամ չէ որ խոսում ենք և խոսել ենք այն մասին, որ 2021 թվականի մայիսին, 2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանն ագրեսիվ գործողություններ է իրականացրել Հայաստանի նկատմամբ և տարածքներ է օկուպացրել: Հավաքական անվտանգության պայմանագրի մեջ և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության կանոնադրության մեջ հստակ նշված են այն գործողությունները, թե ինչ պետք է տեղի ունենա, երբ անդամ երկրի նկատմամբ ագրեսիա է տեղի ունենում: Նկարագրվածը տեղի չի ունեցել և, բնականաբար, դա հիասթափեցնող է և՛ Հայաստանի կառավարության, և՛ հայ հանրության համար: Նաև Ռուսաստանի հետ մենք անվտանգության ոլորտում երկկողմ պայմանագիր ունենք, և այդ պայմանագրում նկարագրված գործողությունները նույնպես տեղի չեն ունեցել, ինչը նույնպես շատ լուրջ հարցեր է առաջացրել և՛ Կառավարության, և՛ հանրության շրջանում»,- ասել է նա:
Հարցին, թե ռուսական ռազմական ներկայությունը Հայաստանում առավելությո՞ւն, թե խոչընդոտող հանգամանք է, Փաշինյանը պատասխանել է. «գոնե այս պահին ես արդեն ասացի, իմ նկարագրած դեպքերի շրջանակներում մենք առավելությունները, ցավոք, չենք տեսել»:
Միաժամանակ ՀՀ վարչապետն ասել է, որ Երևանը չի քննարկում Հայաստանից ռուսական բազաները դուրս բերելու հարցը։ «Մենք նման հարց չենք քննարկում։ Մենք հիմա ավելի շատ այլ հարցեր ենք քննարկում, փորձում ենք հասկանալ, թե որն է այս իրավիճակի պատճառը, և, իհարկե, կարծում եմ նաև, որ սա կլինի Հայաստանի և Ռուսաստանի, Հայաստանի և ՀԱՊԿ աշխատանքային քննարկումների օրակարգը»,- ասել է Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք պլանավորվում է Ռուսաստանից պահանջել հանել ռազմաբազաները Հայաստանից:
The Wall Street Journal-ի կայքում ավելի վաղ հրապարակված հարցազրույցի տարբերակում ասվում էր, որ Փաշինյանն ասել է, որ որևէ առավելություն չի տեսնում Հայաստանում ռուսական ռազմակայանների շարունակական լինելու մեջ, սակայն տեքստից բացակայում էր Փաշինյանի այն հայտարարությունը, որ ռուսական բազաները դուրս բերելու հարցը չի քննարկվում։