Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է մոտ ժամանակներս Մոսկվայում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում կազմակերպելու պատրաստակամության մասին:
Նրա խոսքով՝ Մոսկվան ողջունում է ցանկացած շփում, որը նպաստում է Երևանի և Բաքվի միջև լարվածության վերացմանը:
Միևնույն ժամանակ, Զախարովան նշել է, որ կարգավորման «ճանապարհային քարտեզի» հիմքում շարունակում են մնալ եռակողմ պայմանավորվածությունները, որոնք 2020-2022 թվականներին ստորագրվել են Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից:
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հոկտեմբերի 25-ին հայտարարել է Մոսկվայի կողմից Երևանի և Բաքվի հետ շփումները շարունակելու մասին՝ նշելով, որ խաղաղ գործընթացին Մոսկվայի աջակցության վերաբերյալ դեռևս փոխըմբռնում չկա: Նույն օրը Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հայտնել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները չեն հանդիպի Բրյուսելում։ Հանդիպման չեղարկման պատճառը, նրա խոսքով, «ժամանակի սղությունն» է եղել։