Լուկաշենկոն Մինսկի ՀԱՊԿ գագաթնաժողովից հրաժարված Նիկոլ Փաշինյանին խորհուրդ է տվել «հապճեպ որոշումներ չընդունել», հայտնել է Բելառուսի նախագահի մամուլի քարտուղար Նատալյա Էյսմոնտը։
«Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ով հրաժարվել էր գնալ Մինսկի ՀԱՊԿ գագաթնաժողովին, խորհուրդ է տվել հապճեպ որոշումներ չընդունել, մտածել հաջորդ քայլերի մասին, որոնք կարող են ուղղված լինել ապաինտեգրման։ Նա նաև հավելել է, որ Վլադիմիր Պուտինն ընդունել է Մինսկի գագաթնաժողովի հրավերը»,- ասված է հաղորդագրության մեջ:
Էյսմոնտը նաև նշել է, որ Լուկաշենկոն հանգիստ է արձագանքել Փաշինյանի՝ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստին մասնակցելու մերժմանը։ Նրա խոսքով՝ նախագահը «հասկանում է, որ դա ցանկացած պետության ղեկավարի գործն է»։
Ավելի վաղ ՀՀ կառավարությունը հայտնել էր, որ բելառուսական կողմի նախաձեռնությամբ տեղի ունեցած Փաշինյան-Լուկաշենկո հեռախոսազրույցում ՀՀ վարչապետը Բելառուսի նախագահին տեղեկացրել էր, որ չի մասնակցի նոյեմբերի 23-ին Բելառուսի մայրաքաղաք Մինսկում կայանալիք ՀԱՊԿ խորհրդի նիստին։